Foto

Բանակից գումարով ազատման նախագիծը պետք է լավարկվի, մտահոգությունները երբ փարատվեն, նախագիծը կգնա ընդունման ճանապարհով. ՔՊ-ական

Նախագիծն ամբողջությամբ բովանդակային քննարկման է ենթարկվում, և մինչև բոլոր մտահոգությունները չփարատվեն նախագծի հետ կապված, նաև հանրային կարծիքը, պետք է հաշվի առնվի, նախագիծը դեռևս քննարկման փուլում կմնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկումից հետո:

Նշենք, որ ՔՊ ֆրակցիան փակ հանդիպմամբ նախարարի հետ քննարկել է պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից մշակված «Բանակից գումարի դիմաց ազատման» անվանումը ստացած նախագիծը:

Պատգամավորը նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել՝ ինչ վարչարարություն կլինի առաջիկայում, բայց կարող է ասել, որ քննարկումները բովանդակային շարունակվել են։

«Զուտ գիտական, բովանդակային քննարկում է եղել նախագծի բոլոր կետերի և բոլոր կարգավորումների վերաբերյալ։ Քննարկելու ենք, հնարավորինս լավարկելու ենք, պետք է առավելագույնս այս նախագիծը լավարկվի։ Եվ եթե հասկանանք, որ մեր առջև դրված խնդիրներն արդեն լուծվում են, և հանրային կոնսենսուսն էլ կա, և այն բոլոր մտահոգությունները, որոնք հանրության մեջ և մեր գործընկերներն ունեին, այդ մտավորությունները փարատված կլինեին, արդեն նախագիծը կգնա իր ընդունման ճանապարհով»,- ասաց նա։

Նա նշեց, որ գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ են կապված քննարկումները:

«Քննարկման մեջ որևէ սահմանափակում մենք չունենք, կարող ենք քննարկել, որ նախագիծը գուցե ապագա չունի, դադարեցնենք քննարկումները, կարող ենք քննարկել, որ պետք է շուտ ընդունենք և հակառակը: Ասեմ հետևյալը՝ խնդիրը կա, կան իրավահարաբերություններ, հասարակական հարաբերություններ, որոնք թերի կարգավորված են և դրանք հրատապ կարգավորման կարիք ունեն, որովհետև չկարգավորելու դեպքում մենք Ազգային անվտանգության հետ կապված խնդիրները արդյունավետ չենք լուծում: Այսինքն, մեր բանակի զորահավաքային պրոցեսը մենք ավելի արդյունավետ դարձնելու լուրջ խնդիր ունենք, լուրջ ու այս նախագիծը շատ կարևոր է, բայց նախագծում հոդվածներ կան, նորմեր կան, որոնք արժեքային տարընկալումների խնդիր ունեն»,- ասաց նա: