Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի Նորդհաուզեն քաղաքում տեղի բնակչի այգում հայտնաբերվել են կոկորդիլոս, պիթոններ և թունավոր օձեր: Տղամարդը տան այգու տարածքում պահել է տասնյակ վտանգավոր սողուններ։ Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել անասնաբույժների և սողունների մասնագետի հետ, գրում է Bild-ը:
Ցածր ցանկապատի հետևում աշխատակիցները հայտնաբերել են Լյուցիֆեր մականունով 2,5 մետրանոց կոկորդիլոս։ Սեփականատիրոջ խոսքով՝ ինքը սողունին ստացել է տասը տարի առաջ սնանկացած կենդանաբանական այգուց։ Տղամարդը սողունին պահել է բաց երկնքի տակ։ Բացի կոկորդիլոսից, հին և ոչ անվտանգ տերարիումներում եղել են 12 անակոնդա, 4 վիշապօձ և 5 մետրանոց պիթոն:
Թունավոր օձերը՝ 2 իժ, 2 կոբրա, տեղափոխվել են հատուկ տարաներով։ Բոլոր կենդանիներն առգրավվել են և նախատեսվում է դրանց տեղափոխել կենդանաբանական այգիներ։
Ամենադժվարը կոկորդիլոսին բռնելն էր։ Անասնաբույժը մետաղյա օղակ է կապել Լյուցիֆերի դնչի շուրջը, որից հետո մի քանի աշխատակիցներ բռնել են նրան և տեղափոխել ակվարիում:
«Կենդանիների պահման պայմանները ստանդարտին չէին համապատասխանում, ուստի մենք ստիպված էինք քայլեր ձեռնարկել», - ասել է ոստիկանության խոսնակ Ջեսիկա Պիպերը: