Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։ Այն նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախորդ նիստին Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչները քաղաքացիական վարույթը կարճելու միջնորդություն էին ներկայացրել դատարան։
Դիրքորոշում հայտնելով այդ միջնորդության վերաբերյալ՝ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանն ասաց՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխության միջնորդությունը չի պնդում, և հրաժարվում է ներկայացված հայցադիմումից։
«Պարզաբանեմ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է հայցապահանջներից հրաժարվելու իրավական կարգավորմանը, համաձայն որի՝ հայցապահանջներից կարող է հրաժարվել այն ներկայացրած անձը կամ Գլխավոր դատախազի համակարգող տեղակալը կամ Գլխավոր դատախազը, հետևաբար, քանի որ ես՝ որպես իրավասու մարմնի ներկայացուցիչ, ներկայացրել եմ սույն հայցադիմումը, ես օրենքի իմաստով ունեմ լիազորություն նաև հրաժարվելու հայցադիմումից»։
Այս նիստին պատասխանողի ներկայացուցիչները միջնորդեցին քննարկել նաև փաստաբանի խելամիտ վարձատրության վճարի փոխհատուցման հարցը, ինչի առնչությամբ հայցվորի ներկայացուցիչն ասաց՝ պետք է հաշվարկային ֆայլերն ուսումնասիրեն, դրանից հետո այդ հարցը քննարկեն։
Դատարանը հաջորդ նիստը նշանակեց մայիսի 29-ին։