Foto

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել: Մոսկվայում «Արմենպրես»-ի  թղթակցին այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից: 


«Ամբողջական համաձայնագրի գործարկման շրջանակում կողմերն արդեն սկսել են կազմակերպել առաջին համատեղ կոմիտեի նիստը, որը նախատեսված է 2025 թվականի երկրորդ կիսամյակում։ Այդ նիստի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման կոնկրետ հարցերը», -նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։ 

Ամբողջական համաձայնագիրը փոխարինում է 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին, որը սահմանափակ ապրանքային ծավալ ուներ և ստեղծում է ԵԱՏՄ երկրների արտադրողների համար հատուկ պայմաններ իրանական շուկայում մուտք գործելու համար։ Մասնավորապես, ԵԱՏՄ-ից Իրան արտահանվող ապրանքների նկատմամբ մաքսային մուտքի միջին դրույքաչափը կնվազի 20%-ից մինչև 4.5%։ 

Նոր համաձայնագիրն ամրագրում է ԵԱՏՄ-ի և Իրանի փոխադարձ պարտավորությունները՝ ապրանքների 90%-ի համար նախընտրողական մուտքի պայմաններ ապահովելու ուղղությամբ։ Ժամանակավոր համաձայնագրի համեմատ՝ ամբողջական տարբերակում էականորեն բարելավվել է կանոնակարգային հատվածը, որի նպատակն է ապահովել առանց արգելք առևտրային տարածքի ձևավորում։ Մասնագետների գնահատմամբ՝ համաձայնագրի իրականացումը կբերի ԵԱՏՄ-Իրան ապրանքաշրջանառության բազմապատկման, որը միջնաժամկետ հեռանկարում կարող է հասնել 12 միլիարդ ԱՄՆ դոլարի։ 

168.am