Foto

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի սանը երկու ոսկե մեդալ է նվաճել Վրաստանում կայացած ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Պապին Ղանդիլյանի անվան  թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ, Հայաստանի ծանրամարտի հավաքականի ծանրորդ , Գավառի մարզադպրոցի սան Արտյոմ Մուխսյանը նվաճել է երկու ոսկե մեդալ  Վրաստանի Հավլաբար քաղաքում 2025 թվականի մայիսի 8-12-ին կայացած Աշխարհի գավաթի խաղարկության մրցումներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Ալիտա Գասպարյանը, Արտյոմ Մուխսյանը պատանիների մինչև 72 կգ քաշային կարգում Աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ օրը նվաճել է երկու ոսկե մեդալ։ Նա երեք մոտեցումներն էլ  անթերի է կատարել և գրանցել է լավագույն արդյունքները՝ 185 կգ բարձրացրած քաշերի հանրագումարով։  

«Արտյոմ Մուխսյանին ժյուրին երկրորդ ոսկե մեդալով պարգևատրել է՝ բոլոր երեք մոտեցումներն անթերի կատարելու համար՝ «պառկած սեղմում» մարզաձևում։ Ուզում ենք շնորհավորել ու մեր երախտագիտությունը հայտնել նաև մեր դպրոցի նախկին սան, Արտյոմ Մուխսյանի մարզիչ Ժորա Հովհաննիսյանին, ում ջանքերի շնորհիվ մեր դպրոցն ունեցավ այսպիսի կարևոր նվաճում։ Մենք ցնծությամբ ենք ընդունել մեր չեմպիոնին ու անչափ ոգևորված ենք նման ձեռքբերումից»,-նշեց դպրոցի տնօրենը։