Կուտակվել են բավականին շատ հարցեր և կուզենայինք կոլեկտիվով ունենալ հանդիպում քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որոնք մեզ կտային սպառիչ պատասխաններ: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Պատանի հանդիսատեսի թատրոնի» դերասան Արթուր Կարապետյանը:
«Եթե մեր տնօրենը՝ Էմին Թորոսյանը, գործել է ինչ-որ մեղքեր, եթե հանցագործ է, թող գան մեզ ասեն: Ասեն՝ էս մարդն արել է այս, այս, այս սխալները, բերեն հիմնավոր պատճառներ և դրա հիման վրա հեռացնեն այս մարդուն, մենք էլ կասենք՝ ինչ լավ է, ազատվեցինք սխալ մարդուց»,- ասաց նա:
Դերասանը տեղեկացրեց, որ այսօր դիմում են գրել քաղաքապետարան, որ գան ու իրենց այդ բոլոր հարցերի պատասխանները տան, որ հետո մամուլում ուրիշ տեղեր փչացած հեռախոսի նման ուրիշ լուրեր չտարածվեն, ըստ նրա, ամեն ինչ պետք է լինի պարզ և թափանցիկ:
«Այդ հանդիպմանը պետք է լինի մեր տնօրենը, ամբողջ կոլեկտիվը և համապատասխան մարդը քաղաքապետարանից, որը կարող է պատասխաններ տալ: Գուցե մեր տնօրենն ունի պատասխան, որ այդ ամեն ինչն արել է օրենքի ուժին համապատասխան: Ի վերջո մի մոռացեք, որ այս թատրոնը ներակայանում է երեխաներին ամեն օր, ի՞նչ տրամադրվածությամբ մենք պետք է խաղանք, երբ գիտենք՝ այսօր կարող է խաղանք, վաղը՝ չէ: Ի՞նչ է նշանակում չտալ հստակ պատասխաններ, այսինքն այդ սուրը նաև յուրաքանչյուր դերասանիս վզի՞ն է, ուզենան առանց պատճառի հեռացնել»,- ասաց նա:
Նա նշեց, որ իր համար անհասկանալի է՝ ինչու հեռացնել աշխատող մեքենայի շարժիչը, որն առաջ է տանում կոլեկտիվը, կոլեկտիվի բոլոր անդամները գոհ են և այսօր էլ մեկ մարդու նման կանգնած են նրա թիկունքին:
«Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ մեր կոլեկտիվը չզրկվի աշխատող, բանիմաց առաջնորդից»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ եթե չգան հանդիպմանը քաղաքապետարանից, որոնք կլինեն քայլերը, Կարապետյանն ասաց. «Ես լիահույս եմ, որ կգան հանդիպման: Առճակատում չեմ ուզում լինի, ուզում եմ կառուցողական խնդիրը լուծենք»:
Նշենք, որ ըստ թատրոնի դերասանների, տնօրենին հեռացրել են հրավիրատոմս տալու համար: Նրանց խոսքով՝ քաղաքապետարանից ասել են՝ չարաշահվել է հրավիրատոմսերի տալը: