Foto

Հայաստանում փորձում են անել այն, ինչը ժամանակին արել են մերձբալթյան երկրներում, Ուկրաինայում, Վրաստանում. քաղաքագետ

44-oրյա պատերազմի ամբողջ ընթացքում պաշտոնական ստի դեմքն ու ձայնը դարձած Արծրուն Հովհաննիսյանը նոր հանձնարարական է ստացել: Այս անգամ նա Հանրայինի եթերից, ըստ էության, նացիստական թեզեր է քարոզում՝ հայ ժողովրդին փորձելով համոզել, թե Ստալինգրադի ճակատամարտում գերմանացիների պարտությունը կանխել է Միացյալ պատմական Հայաստանի ստեղծումը:

Մայիսի 9-ին պետական հեռուստաալիքի եթերից Հովհաննիսյանն ասել էր, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված՝ Հայաստանի համար «ամենածանր միֆերից մեկը Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն էր թուրքական ներխուժումից»։ Ըստ նրա, Գերմանիան ունեցել է ծրագիր` «օպերացիա Գերտրուդա», որը ենթադրում էր, որ Գերմանիան Ստալինգրադից հետո պետք է վերցնի Կովկասը, ապա գրավի Թուրքիան, որն էլ ենթադրելու էր Միացյալ պատմական Հայաստանի ստեղծում։ Հանրայինի մեկ այլ տաղավարից, քննարկման ձևաչափով հաղորդման ընթացքում, հաղորդավարը պնդում է անում, թե «հայերը չէին ցանկանում կռվել» Հայրենական մեծ պատերազմում: Լրագրողն ասում է, թե «ռուսները խորհրդային պատմության մեջ դա անվանում էին Հայրենական պատերազմ, բայց մարդիկ չէին ուզում կռվել», ու հարցնում է, թե արդյո՞ք գաղափարը հայրենիքի պաշտպանությունն էր:

Պետական հեռուստաալիքից տարվող այս քարոզչությունը քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանին հիշեցնում է նույն քայլերը, որոնք արդեն իրականացվել են մերձբալթյան երկրներում, Ուկրաինայում, Վրաստանում: «Սա աշխարհաքաղաքական նպատակ ունի, ու ամեն ինչ առավել քան պարզ է՝ ով գրում է պատմությունը, նա էլ արդարն ու հաղթողն է: Հայաստանում փորձում են անել այն, ինչը ժամանակին արել են մերձբալթյան երկրներում, Ուկրաինայում, Վրաստանում: Ամբողջությամբ նույն քայլերն են, նույն քարոզչությունն է»,-«Հրապարակ»-ին ասում է Ստեփան Դանիելյանը՝ շեշտելով, որ 2018-ի «հեղափոխությունն» էլ նույն տեխնոլոգիաներով էր իրականացվում, ինչն արվել էր Ուկրաինայում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում:

«Պետք է Սովետական Միությունը, որի ժառանգորդն է Ռուսաստանը, ներկայացնել որպես ագրեսոր պետություն, դրա համար նաև փորձում են նույնականացնել Հիտլերին ու Ստալինին, իսկ հաղթանակի մեծ մասը վերագրել Արևմուտքին: Հաջորդ փուլում հայերը պետք է ներկայացվեն որպես Սովետական Միության զոհ: Դրա համար էլ են վաղուց գրանտներ տրամադրում ստալինյան զոհերի մասին ուսումնասիրությունների համար, որոնց նպատակն է՝ տպավորություն ստեղծել, թե հայերը որպես ժողովուրդ են տուժել Սովետական Միությունից: Սա է ծրագիրը, ինչը չի նշանակում, որ Սովետական Միությունում բռնաճնշումներ չեն եղել, իրականում եղել են, բայց դրանք ազգային հողի վրա չեն իրականացվել, եթե չհաշվենք 2-րդ համաշխարհային պատերազմից հետո չեչենների, ինգուշների և Ղրիմի թաթարների տեղահանությունը: Հաջորդ փուլում պետք է բռնաճնշումները ներկայացնել որպես հայ ժողովրդի դեմ իրականացված ակտեր, ինչն արել են վերը նշված երկրներում»,-բացատրում է քաղաքագետը:

Ըստ մեր զրուցակցի, այս քարոզչության տարրերից մեկն էլ Հայոց ցեղասպանության հետ կապված կեղծ հարցադրումներն են, որոնք այս իշխանությունը փորձում է օրակարգ բերել: «Ցեղասպանության հարցն էլ պետք է վերաշարադրվի: Մեր ճանապարհը դեպի Եվրոպա՝ Թուրքիայով է անցնում, դրա համար պետք է ցեղասպանության հարցը վարկաբեկվի, այլասերվի, և այս ամենի համար կա հստակ պատրաստված թիմ: Հ1-ը հենց այդ գործով է զբաղված»:

Դանիելյանի խոսքով, այսօրինակ քարոզչության հետևանքը կարող է լինել Սյունիքի կորուստը, որը խանգարում է թյուրքական աշխարհի կայացմանը: «Թյուրքական աշխարհը պետք է կոնֆլիկտի մեջ մտնի Իրանի ու Ռուսաստանի հետ, իսկ մինչ այդ պետք է մկաններ աճեցնի: Այդ քարոզչության նպատակն աշխարհաքաղաքական է, և քարոզիչները հենց այդ գործով են զբաղված»,-եզրափակում է Դանիելյանը: