Ռոման Բաղդասարյանի մասով խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։
«Պատճառաբանությունն այն է, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։
Մեկ ամիս է անցել հանցագործության մասին հաղորդումից, որի հիմքով քրեական վարույթ կա, բայց քրեական հետապնդում՝ ոչ։
Համեմատության համար նշեմ Ղարիբ Բաբայանի դեպքը, ում՝ հասարակության մեջ թշնամանք, խտրականություն և ատելություն տարածելու մեղադրանքով, հրապարակումից երեք օր անց ձերբակալեցին, կալանք տալու նպատակով «տուրբո ռեժիմով» միջնորդություն ներկայացրեցին, և հետագայում դատական կարգով սահմանափակվեց նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։
Ինչևէ, սա ինձ համար սպասելի էր։ Ինչպես խոստացել էի, սկսում եմ եղած նյութերի թարգմանությունը անգլերեն՝ դրանք ներկայացնելու ՀՀ-ին դատաիրավական բարեփոխումների նպատակով դրամաշնորհներ տրամադրող կազմակերպություններին և դեսպանատներին։
Դիմում եմ իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք ունեն միջազգային կապեր՝ ինձ ուղղորդելու և թիրախային աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։
Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս պահին աջակցում են այս գործը իրականություն դարձնելու հարցում։
Ես գնալու եմ մինչև վերջ և անպայման հաջողություն եմ գրանցելու՝ ի հեճուկս այն ամենի, ինչ հնարավոր է փորձեն կիրառել իմ դեմ»,-գրել է նա։