Foto

Castellum. Ռուսաստանի նկատմամբ կիրառվել է գրեթե 29 հազար պատժամիջոց

2014 թվականից ի վեր Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների քանակը հասել է գրեթե 29 հազարի։ Ամենաշատ սահմանափակումներ սահմանել են ԱՄՆ-ն, Կանադան և Շվեյցարիան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Castellum վերլուծական պորտալի տվյալներին։

2025 թվականի ապրիլի վերջի դրությամբ Ռուսաստանի դեմ գործում էր 28 937 ոչ առևտրային պատժամիջոց, որոնցից 92 տոկոսը սահմանվել է 2022 թվականի փետրվարի վերջից հետո՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։


Պատժամիջոցների առավել խոշոր մասաբաժին ունեցող երկրներն են․

  • ԱՄՆ – 25,5% (7384 պատժամիջոց)
  • Կանադա – 12,6% (3639)
  • Շվեյցարիա – 11,3% (3266)
  • Նորվեգիա – 9,3% (2678)
  • Եվրամիություն (ԵՄ) և Իսլանդիա – 8,6%-ական (2482 պատժամիջոց)
  • Մեծ Բրիտանիա – 7,2% (2078)
  • Նոր Զելանդիա – 6,4% (1860)
  • Ավստրալիա – 5,5% (1598)
  • Ճապոնիա – 5% (1441)

Այս պահին Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ 2025 թվականի փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է բոլոր այն սահմանափակումների գործողությունը, որոնք կիրառվել են Մոսկվայի դեմ 2014 թվականից ի վեր։ Միևնույն ժամանակ ԱՄՆ Սենատում պատրաստվել է նոր օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ «ոչնչացնող» պատժամիջոցների նոր փաթեթ։