Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանն իր որոշման հիման վրա քանդում է քաղաքացի Արաբո Հարությունյանին սեփանանության իրավունքով պատկանող գույքը։ Փաստաբան Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ահազանգել է այս մասին՝ նշելով, որ այդ սեփականությունն Արաբո Հարությունյանին է անցել դատարանի վճռի հիման վրա, որով արձանագրվել է, որ մինչ այդ՝ այդ սեփականությունը պատկանել է Արաբո Հարությունյանի հորը, մինչ այդ էլ՝ տատին, իսկ երբ այդ գույքը ժառանգել է Արաբո Հարությունյանը, եղել է անչափահաս և այսքան ժամանակ որպես սեփականություն տիրապետել է։
«Այժմ, արդեն երեք տարի է, ինչ տարբեր եղանակներով փորձում են այդ սեփականությունը կասկածի տակ դնել, նախ՝ինչ-որ քրեական վարույթ են նախաձեռնել, թե իբրև 90-ականներին ինչ-որ կեղծիքներով է կատարվել սեփականության իրավունքի փոխանցումը տատին և այլն․․․ հեքիաթ․․․»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ գործը, հեռանկար չունենալով, կարճվել է, բայց դրան հաջորդել է գործընթաց՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունը հայցադիմում են ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որով պահանջել են անվավեր ճանաչել սեփականության իրավունքը, հայցն օրերս վարույթ է ընդունվել, մինչդեռ, այս գործը հեռանկար չունի, ենթակա է մերժման։ Փաստաբանն ընդգծեց, որ օրենքով հստակ սահմանված է՝ սեփականությունից մարդուն կարող է զրկել միայն դատարանը, այն էլ՝ օրենքով սահմանված բացառիկ դեպքերով, սակայն դա Մարտունու քաղաքապետը հաշվի չի առնում, պարզվում է՝ որոշել են պայթեցնել շենքը, երեկ շենքն արդեն պայթեցվել է։ Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն՝ ոչինչ։









