Foto

Թե՛ Ավինյանը, թե վարչական շրջանի ղեկավարը պետք է հրաժարական ներկայացնեն, ավելին՝ Ավինյանը վաղուց պետք է հրաժարական ներկայացներ. Լիլիթ Գալստյան

Սա մեկ անգամ ևս մի բանի մասին է խոսում․ արդեն 7 տարի ապրում ենք երկիր-մղձավանջում, ուր հատված են բոլոր կարմիր գծերը, ուր անբարոյականության, ամենաթողության ու համատարած ցինիզմի մթնոլորտում կորչում են պետությունն ու պետական ինստիտուտները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-մարգարյանի և աշխատակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու միջադեպին:

«Արդեն մի քանի տարի միջազգային կառույցները բարձրաձայնում են Հայաստանում ժողովրդավարության նահանջի, մարդու իրավունքների ոտնահարման, մեկ մարդու ձեռքում իշխանության կենտրոնացման, կոռուպցիայի, ոստիկանական բռնությունների ու խոշտանգումների և միևնույն ժամանակ պատասխանատվության չենթարկված ոչ մի ոստիկանի մասին։

Դե եթե ոստիկանների ոհմակը կարող է պատգամավորի վրա հարձակվել ու անպատիժ մնալ, ինչու թաղապետը չի կարող ակտիվիստ ծեծել ու անպատիժ մնալ։  Իսկ ընդդիմադիրներին և այլախոհներին պատերին ու գետնին ծեփելու, լեզու ու թևեր կտրելու հրահանգն էլ Նիկոլ Փաշինյանից են ստացել»,- ասաց նա։

Հարցին՝ երեկ հայտնի դարձավ, որ ակտիվիստը պարզապես խնդիր է բարձացրել, սակայն Տիգրան Տեր-Մարգարյանը հայհոյել է Արթուր Չախոյանին, ինչը արդարացվեց քաղաքապետի կողմից, վերջինը ասաց՝ մարդ է, կպատահի, արդյոք այսօրվա միջադեպը հենց քաղաքապետի արդարացման հետևանքով չէր, Գալստյանն ասաց, որ այս թիմից որևէ ակնկալիք չունի։

«Սրանք ոչ միայն տգետ են, ինչպես խոստովանում է իրենց առաջնորդը, այլև՝ անդաստիարակ, բարոյականության և քաղաքական մշակույթի հատակում են։ Սա համատարած լպիրշ ու ցինիկ վարքագիծ է։ Անպատժելությունը նոր ավելի այլանդակ դրսևորումներ է արձանագրում։ Ավինյանը վաղուց պիտի հրաժարական տար, և ոչ միայն «համբալ»-ի համար, այլև՝ կոռուպցիոն սկանդալների, քաղաքի կառավարումը տապալելու, անունակության համար։  Ինչին կպել են աղետ է ու սուտ՝ անվտանգությունից մինչև երկրի կառավարում, դպրոցաշինությունից մինչև տեղական կառավարում։ Արթուր Չախոյանն էլ ամենօրյա ռեժիմով բացահայտում է սրանց տապալումը»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ նրանք մի բանում են հաջողել՝ հանրային պառակտում, ատելություն ու թշնամանք: «Այս մթնոլորտի արդյունքն են՝ թե՛ աճող հանցագործությունները, թե՛ վթարներն ու ինքնասպանությունները։ Այս քաղաքական թիմից պիտի վայրկյան առաջ ազատվել ու հասարակությունը մաքրել, կասեցնել այս համատարած և խորքային դեգրադացիան»,- ասաց նա։

Հարցին՝ հայտնի է նաև, որ միջադեպով պայմանավորված՝ ձերբակալվել է 6 անձ, որից մեկը հենց Չախոյանն է, ով հոսպիտալացվել է, սակայն թաղապետը ձերբակալվածների մեջ չկա, որքանո՞վ է սա ժողովրդավարական պետությանը հարիր, Գալստյանն արձագանքեց. «Մենք ի՞նչ ժողովրդավարություն: Հայաստանը, ըստ Feedomhous-ի, շարունակում է լինել 54-րդ դիրքում, կիսաազատ երկիր, որտեղ խաթարված է իշխանության ճյուղերի միջև տարանջատումը, որտեղ մարդն այնքան արժեք չունի, իսկ քաղաքական մեծամասնությունն ու ղեկավարությունն այնքան ցինիկ է, որ կարող է վարչական շենքում քաղաքացի ծեծել»։ 

Պատգամավորի կարծիքով այս միջադեպից հետո պետք է հրաժարական ներկայացնեն թե՛ վարչական շրջանի ղեկավարը, թե՛ հենց քաղաքապետ Ավինյանը:

«Նորմալ երկրում այս միջադեպին իրավական գնահատական պիտի տրվեր, բայց սա ՔՊ-ի կողմից կառավարվող Հայաստանն է, որտեղ իրավապահ համակարգն իշխանության վախվորած կցորդի է վերածվել։ Քաղաքական մեծամասնությանը ներվում է ամեն բան: Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից»,- ասաց նա: