Ադրբեջան կատարած իր այցից առաջ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից և Ադրբջանը Նախիջևանին կապող ճանապարհից։
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին՝ Իրանի նախագահը վերահաստատել է, որ Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն աջակցում է երկու հարևանների իրավունքներին և հանձնառու է նպաստելու խաղաղ համակեցությանը:
«Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ մի կողմը ցանկանում է գրավել մյուսի տարածքը կամ տարածքները: Ուստի այն, ինչի համար մենք միշտ հանդես ենք եկել և ինչին, մեր կարծիքով, պետք է ձգտենք, պետությունների իրավունքների և տարածքային ամբողջականության հարգումն է։ Մենք պետք է հարգենք այդ սկզբունքը։ Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և, բնականաբար, նույն շրջանակներում պաշտպանում ենք Հայաստանի իրավունքները։ Դա այն է, ինչ մենք կփորձենք անել, որպեսզի երկու կողմերն էլ օգնեն միմյանց խաղաղության, եղբայրության և բարիդրացիության շրջանակներում»,- ասել է նա։
Աղբյուրը՝ lurer.com