Foto

Պետք է շարունակել քայլեր ձեռնարկել անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար գրավիչ դարձնելու ուղղությամբ. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 26-ին մասնակցել է «Անասնաբույժների միջազգային օրվան» նվիրված «Անասնաբույժները՝ որպես հանրային և պարենային անվտագության երաշխավորներ» խորագրով համաժողովին։


«Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն որակյալ մասնագետներ ունենալու գործին, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և հմտություններով, և պետք է շարունակել քայլեր ձեռնարկել անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար գրավիչ դարձնելու ուղղությամբ, քանի որ առանց կայացած անասնաբուժության՝ երկրի տնտեսությունը չի կարող զարգանալ։

Միայն այս կայունության շնորհիվ է հնարավոր ստեղծել այն անհրաժեշտ հիմքը, որը կնպաստի մեր ազգաբնակչության համար առողջ և անվտանգ սննդամթերքի արտադրությանը՝ ապահովելով ամբողջ արժեշղթան՝ ֆերմայից մինչև սեղան»,- շնորհավորելով անասնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ՝ նշել է Գևորգ Պապոյանը։

Միջոցառման ընթացքում քննարկվել են անասնաբուժության ոլորտին, այդ թվում՝ կենդանիներին վերաբերող հիվանդությունների տարածմանը, կանխարգելմանն ու բուժմանը, ինչպես նաև ոլորտում նորարարական մեթոդների ներդրման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համագործակցությամբ։