Foto

110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել. Բուլղարիայի փոխվարչապետ

Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել։ Այն հասարակական խոր վերք է պատճառել։ Զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն մարդ՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ, որոնք անհետացան ավելի քան երկու հազար տարի  իրենց բնակեցրած հողերից: Պետք է հիշել անցյալի դառը դասերը։

2015 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուլղարիայի Ազգային ժողովը հռչակագիր ընդունեց՝ ճանաչելով կատարված հանցագործությունը։ Այսպիսով, մեր երկիրը ներառվեց այն երկրների շարքում, որոնք ճանաչեցին այն։

Ես հպարտ եմ, որ Բուլղարիան ապաստան և զարգացման հնարավորություններ է ընձեռել փրկվածներին։ Նրանց ժառանգներն այսօր լավագույնս ինտեգրված հայ համայնքի կորիզն են կազմում, որը նշանակալի ներդրում ունի մեր երկրի զարգացման գործում: Խոնարհվում ենք»,- գրել է Բուլղարիայի փոխվարչապետը ֆեյսբուքյան իր էջում:

Աղբյուրը՝ shantnews.am