Foto

Այսօր մեռելոց է. աղոթք ննջեցյալների համար

Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս:

Հավատացյալները գրության մեջ հիշատակում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում Սուրբ Պատարագին: Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները:

Հավատացյալները շարունակ աղոթում են, որ Աստված Վերջին դատաստանի ժամանակ քաղցր ողորմության արժանացնի հավատքով ննջած հանգուցյալներին, խնդրում Տիրոջ ներողամտությունը:

Հին Կտակարանում Մակաբայեցիներ երկրորդ գրքում Հուդա Մակաբայեցին, պատերազմում ընկածների հարության ակնկալություն ունենալով, իմաստուն մի քայլ կատարեց: Նա հավատում էր, որ քաջությամբ ընկածները մեղքերի թողություն կստանան: Հուդա Մակաբայեցին արծաթ հավաքեց և ուղարկեց Երուսաղեմ՝ ննջեցյալների մեղքերի համար պատարագ մատուցելու (Բ Մակաբայեցիներ 12:43-46):