Ներքին պառակտումներն էլ ավելի են ծանրացնում անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը։ Այս մասին այսօր Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային ու հայրենական մեր կյանքը ևս գտնվում է լրջագույն հիմնախնդիրների առջեւ: Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները՝ ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի։ Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով և ճգնաժամային նոր իրավիճակներով: Մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը միաբանությունն է»,- ասաց Գարեգին Բ-ն: