2024 թվականին կալանավորման մասին դատախազների ներկայացրած միջնորդությունների թիվն աճել է՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 242-ով կամ 11.9 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։
Այդ ընթացքում ՀՀ առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել 2282 միջնորդություն՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դրանցից բավարարվել է 2013-ը կամ 88.2 տոկոսը, մերժվել՝ 269-ը կամ 11.8 տոկոսը։
Համեմատության համար՝ 2023 թվականին ներկայացվել էր 2040 միջնորդություն, որոնցից բավարարվել էր 1559-ը (76.4 տոկոս), մերժվել՝ 481-ը (23.6 տոկոս)։ Այսպիսով՝ 2024 թվականին 11.8 տոկոսով աճել է նաև միջնորդությունների բավարարման տոկոսային ցուցանիշը, ինչն, ըստ դատախազության, վկայում է դրանց հիմնավորվածության և պատճառաբանվածության բարձր աստիճանի մասին։
2024 թվականին ձերբակալվել է 7721 անձ, ինչը 924-ով կամ 10.7 տոկոսով պակաս է 2023 թվականի համեմատ, երբ այդ ցուցանիշը կազմել էր 8645։ Միաժամանակ ձերբակալումից ազատվել է 5461 անձ, մինչդեռ 2023-ին այդ թիվը կազմել էր 7160։
Տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին ներկայացվել է 210 միջնորդություն, որոնցից 185-ը բավարարվել է (88.1 տոկոս), իսկ 25-ը մերժվել է (11.9 տոկոս)։ Նախորդ տարի ներկայացվել էր ընդամենը 114 միջնորդություն, որոնցից բավարարվել էր 87-ը (76.3 տոկոս)։
2024 թվականին գրավը որպես խափանման միջոց կիրառվել է 317 անձի նկատմամբ (2023-ին՝ 224), իսկ պաշտոնավարման կասեցում՝ 96 անձի նկատմամբ (նախորդ տարի՝ 67)։ Նշվում է, որ 71 կասեցում իրականացվել է կոռուպցիոն վարույթներով, ինչը կրկնակի աճ է 2023 թվականի համեմատ (38 դեպք)։