«Ես գնահատականը դեռ 2021 թվականին եմ տվել, երբ բանավիճելու առաջարկ կար։ Ասել եմ՝ թող ինքը որեւէ կլինիկայից թուղթ բերի, որ հոգեկան հիվանդ չի, դրանից հետո նոր քննարկենք՝ իր հետ ընդհանրապես արժե՞ բանավիճել, թե՞ ոչ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք վերաբերում էին երեք նախագահների հետ բանավեճին։ Իշխան Սաղաթելյանի բնութագրմամբ, երկիրը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը լուրջ հոգեկան խնդիրներ ունի։
Դիտարկմանը՝ գուցե Նիկոլ Փաշինյանի վարքը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը ձգձգում է խաղաղության գործընթացը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Ինքը պղծել է խաղաղության ողջ գործընթացը․ պատկերացնո՞ւմ եք, մի պետության վարչապետը, ԱԳ նախարարը հայտարարում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացը ավարտվել է, դրանից հետո Ալիեւը թելադրում է նոր պայմաններ, պահանջներ եւ հայտարարում, որ քո նկատմամբ կա զրոյական վստահություն եւ այն բոլոր բանավոր խոստումները, որ տվել ես, պետք է արձանագրվեն թղթի վրա»։
Իշխան Սաղաթելյանն իր կարծիքին է՝ խաղաղության մասին որեւէ խոսք չկա, հարցը ավելի խորը կապիտուլյացիան է եւ անգամ դա է Ադրբեջանը հրաժարվում ստորագրել․ «Այո, իր բոլոր նոպաները պայմանավորված են երկրի շուրջ ստեղծված իրավիճակով եւ այն ներքաղաքական գործընթացներով, որ տեղի են ունենում»։
Աղբյուրը՝ aravot.am









