Foto

Եթե կամուրջ չլինի, ապա մի ափից մյուսը չես հասնի. տեղի է ունեցել «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրների ասուլիսը (տեսանյութ)

Եթե կամուրջ չլինի, ապա մի ափից մյուսը չես հասնի։ Այս գաղափարով է ստեղծվել «Կամուրջ» քաղաքացիական կազմակերպությունը կամ հարթակը, որն ունի մեկ նպատակ՝ ստեղծել կամուրջներ Հայաստանի ու ու Սփյուռքի միջև։ Նախաձեռնության հիմնադիրներ Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանն ու Ռաֆայել Հունանյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում մանրամասներ են հայտնել։

«Հարթակ ստեղծելու գաղափարն առաջացել է, երբ տեսել ենք, թե ինչպես են խաթարվում Հայաստան-Սփյուռք կապերը, ինչպես նաև հարաբերությունները մի շարք պետությունների, հատկապես Ռուսաստանի հետ»,-ասաց Արման Աբովյանը:

Նրա  խոսքով՝ կազմակերպությունն ապակուսակցական է ու ապաքաղաքական: Տարանջատել են երեք հիմնական ուղղություն․ առաջինը՝ հայ-ռուսական հարաբերությունների կարգավորումն է, երկրորդը համերաշխության գաղափարն է, երրորդը Սփյուռքի հետ կապն է:

Լուիզա Սարգսյանի խոսքով՝ այս բոլոր բացասական տրամադրություններն ազդել են մշակութային երկխոսության ու կապերի վրա։

Նախաձեռնության մյուս անդամ  Ռաֆայել Հունանյանը նշել է․ ««Կամուրջ»-ում լինելու են նաև շատ հստակ ընդգծված երիտասարդական նախաձեռնություններ, որոնք ամրապնդելու են Հայաստանում ու Սփյուռքում ապրող երիտասարդների կապը»։

Մասնագիտական քննարկումներից բացի, «Կամուրջ»-ի համար  կարևոր առաքելություն է լինելու խնդիրների՝ հստակ, ուղիղ ու հասկանալի լուծումներ ցույց տալը:  Մեդիայի ու ՀԿ-ների  հետ  բոլոր հնարավոր ձևաչափերն ու հարթակներն օգտագործվելու են՝ քննարկելու գլոբալ գաղափարներից մինչև փոքր, անլուծելի խնդիրներ, որոնք «Կամուրջ»-ը կարող է դարձնել լուծելի։ «Կամուրջ»-ի անդամ կարող են դառնալ  բոլոր ցանկացողները՝ անկախ քաղաքական հայացքներից։