Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով․ գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար»,- նշել է նա:
Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի որոշումը հաջորդում է Ազգային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից նույն առաջարկի ընդունմանը, որը կայացել է 2024 թ. դեկտեմբերի 17-ին։
Երկու պալատների հավանությամբ №24.4259 նախագիծը ստանում է օրենքի ուժ։ Կանտոնների խորհրդում զեկուցող էր պատգամավոր Տիանա Անգելինա Մոզերը (Կանաչ Լիբերալ կուսակցություն / Ցյուրիխ), մինչդեռ Ազգային խորհրդում առաջարկի հեղինակն ու զեկուցողը պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելն էր (Շվեյցարական ժողովրդական կուսակցություն/Ցյուրիխ)։