Հանրային տրանսպորտում
չվճարողները կամ ուրիշի քարտն օգտագործողները կտունգանվեն։ Նման նախագիծ է ներկայացրել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Երևանի քաղաքապետարանին
աջակցող և տրանսպորտի թանկացումն ամրապնդող այս նախագծով նախարարությունը որոշել է
ամեն կերպ աջակցել գումարների հավաքագրմանը։
Իրավական ակտերի նախագծերի
e-draft.am կայքէջում նշվում է, որ Երևանում տրանսպորտի ծառայություններից առանց վճարելու
օգտվողները կտուգանվեն 15 հազար դրամ, արտոնություն ունեցող անձի փոխարեն այլ անձի
երթևեկելու դեպքում` 18 հազար դրամ։
Ըստ նախագծի՝ ուղևորները
պարտավոր են տրանսպորտ բարձրանալուց անմիջապես հետո` ոչ ուշ, քան 1 րոպեի ընթացքում,
վճարել և մինչև ուղևորության ավարտը կրիչը պահպանել իրենց մոտ: Հսկողություն իրականացնող
անձանց պահանջի դեպքում պետք է տրամադրվի կրիչը։ Հսկելու են «համայնքի ղեկավարի կողմից
լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ
օպերատորի աշխատակիցները»: Նրանց տված հրահանգները պարտադիր են լինելու ուղևորների
և վարորդի համար։ Հսկողության իրականացման համար կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ,
սարքավորումներ՝ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու, նույնականացնելու
համար:
Նախագծում մի շարք
հարցեր բաց են մնում։ Նախ բոյկոտ իրականացնելը քաղաքացու սահմանադրական իրավունքն է,
որն ամեն կերպ փորձում են զսպել իշխանության ներկայացուցիչները։
Արդյոք 800 շարժակազմ
ունեցող մայրաքաղաքում հնարավոր է ամեն շարժակազմում մեկ հսկիչ ունենալ։ Հատկապես,
որ դա շատ ավելի թանկ կարժենա, քան քաղաքացիների
հորդոր-պահանջին ընդառաջ գնալը և տրանսպորտի 100 դրամ սակագինը պահպանելը։
Իսկ ինչ վերաբերում
է արտոնություն ունեցող անձի քարտով երթևեկելու համար տուգանվելուն, ապա այստեղ և՛
բարոյական, և՛ իրավական նոնսենս կա։ Նախ Telcell ընկերությունն անչափահասներին չի նույնականացնում
և չի վաճառում քարտեր։ Այսինքն՝ դպրոցական աշակերտը պետք է երթևեկի ընտանիքի անդամներից
որևէ մեկի անվամբ ձեռք բերված քարտից։ Բացի
այդ, անչափահասին վարչական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական ռեալ համակարգ չկա։
Բարոյական չէ այն տեսանկյունից,
որ, օրինակ, 4 և ավելի երեխա ունեցող մայրը ոչ թե քարտը գնում է, այլ՝ իր անվճար քարտն
է տրամադրում երեխաներից մեկին, որ օգտվի երթուղուց։ Արտոնությունը տրվում է մեկ անձի և այդ անձը կարող է որոշել, թե ո՞ւմ տա այդ
քարտը։ Դա նույն է, որ աշխատավարձի որոշակի մաս ընտանիքի անդամը տա մյուսին և վարչական
պատասխանատվության ենթարկեն, քանի որ դա ծախսողի գումարը չէ։
Իրական խնդիրն այն
է, որ տրանսպորտը թանկացնելու և գերշահույթներ
ստանալու Երևանի քաղաքապետարանի ջանքերն արդյունք չեն տալիս։ Ի սկզբանե որոշված
300 դրամը չպահպանվեց՝ հանրային լուրջ ճնշման շնորհիվ։ Իրական բողոքող մասսայի մի մասին
էլ ստիպված արտոնություններ տվեցին, որ հնարավոր լինի աղմուկը մի քիչ նվազեցնել։ Արդյունքում՝
որոշ մաս նույնիսկ 100 դրամը չի վաճարում և Տիգրան Ավինյանը սա էլ չի կարողանում կարգավորել
և իր վերադասների մոտ հարցեր է առաջանում իր վատ կառավարման վերաբերյալ։ Գուցե հիմա
բոյկոտ+արտոնյալ խավերի քարտերի օգտագործումով չի հավաքագրվում նույնիսկ այն գումարը,
որ կար մինչ թանկացումը։ Փաթեթներն էլ գրեթե չեն վաճառվում։ Բայց քանի որ քաղաքացին
ՀՀ իշխանության համար եղել և շարունակում է հանդիսանալ «տուգանքի մատերյալ», էլի օգնության
են հասնում անհամաչափ տուգանքները՝ 150 դրամ չճարելու դեպքում 100 անգամ ավելի տուգանք։