Վաղ առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանն
արդեն երրորդ գրառումն է անում և պատասխանում այն հարցին, թե ո՞վ է իրեն բերել իշխանության։
«Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը»,- գրել է Փաշինյանը:
Նախ այդ երկու ուժերը չեն վիճում թե
իրենցից որ մեկն է իշխանության բերել Փաշինյանին։ Նույնիսկ չի քննարկվում, որ Փաշինյանի
իշխնության գալու հետ որևէ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը։ ՀՀԿ-ն Քոչարյանին մեղադրում
է Արմեն Սարգսյանին ճանաչելու մեջ, իրենցից առաջ թողած բանակցությունների մեջ, Սերժ
Սարգսյանի իշխանությանը քննադատելու մեջ և այլն, բայց ոչ երբեք հանձնելու մեջ կամ
նրան գալուն աջակցելու մեջ։
Իսկ ահա երկրորդ նախագահի աջակիցներն իրապես շարունակում են մեղադրել Սերժ Սարգսյանին՝
իշխանությունը հանձնելու, նվիրելու, բարձիթողի վիճակի հասցնելու մեջ։
Ըստ քոչարյանականների և քաղաքականապես չեզոք մարդկանց՝ ՀՀԿ-ականներն այստեղ
իրենց մեղքի էական բաժինն ունեն։ Եթե իշխանափոխություն է տեղի ունեցել, ապա դա կա՛մ
վատ կառավարման արդյունք է և ՀՀ քաղաքացին որոշել է, որ նրանց պետք է հեռացնել, կա՛մ
դա անուղղակի ապաշնորհությամբ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել է։ Սերժ Սարգսյանն
էլ ասել է, որ Նիկոլը ճիշտ էր, ինքն էլ՝ սխալ։ Եթե իշխանության հանձնում կամ նվիրում
էր, ապա քաչարյանականների մեղադրանքը տեղին է ուղիղ իմաստով։ Հակառակ պարագայում՝ մարդ, ով խոստացել է չառաջադրվել,
հայտարարել էր, որ որևէ պաշտոնի չի հավակնում,
բայց մեկ է, ամեն գնով դառնում է վարչապետ՝ ուղղակի, առանց պատճառ հրաժարական չէր տա։
ՀՀԿ-ականները, բնականաբար, այս հարցում արդարացումներ են փնտրում՝ մեկ ինչ-որ բաներում
մեղադրելով Քոչարյանին, մեկ էլ Փաշինյանին, երբեմն էլ Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն
չեն դիտարկում այն, որ եթե իրենց քննադատում են և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահները,
և՛ այն բազմությունը, որ 2018թ-ին Հանրապետության հրապարակում էր, և հիմա շատ ու շատ
արած-չարածների մեջ մեղադրում է ներկա իշխանությունը, իսկ հասարակության մի մասը պարզապես
չի ներում նրանց, գուցե իրապե՞ս մտահոգվելու կարիք կա և արդարանալու փոխարեն, պարզապես
սխալներն ընդունել և ներողութուն խնդրել է պետք։
Իսկ թե ինչո՞ւ է ՀՀ երկու նախկին նախագահների խնդիրներին այսքան բուռն արձագանքում
Նիկոլ Փաշինյանը, կարելի է պարզապես ենթադրել։
Մեկ անգամ՝ ԱԺ-ում արդեն ասել էր, որ իր կարծիքով իրեն իշխանության է բերել ժողովուրդը,
առավոտյան մի հատ էլ վերահաստատեց։ Մի քանի րոպե անց էլ գրեց․ «Ինձ իշխանության ոչ
ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության
է բերել Ժողովրդին»:
Եվս մի քանի րոպե՝ և հաջորդ գրառումը․ «Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում: Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես»։
Այս գրառումներից կարելի է ենթադրել, որ վարչապետը
կա՛մ չի հավատում իր ասածին և ամեն կերպ փորձում
է համոզել, որ ժողովուրդն իրեն իշխանություն
է տվել, կա՛մ էլ ամեն կերպ երկրորդ նախագահի
աջակիցներին համոզում է, որ ոչ՝ դա Սերժ Սարգսյանը չէր, որ իրեն իշխանություն տվեց, նվիրեց կամ հանձնեց։









