Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 66 տարեկան։ Ողբերգական հոկտեմբերի
27-ից հետո Սպարապետի ծնունդն ամեն տարի նշվում է Եռաբլուրում՝ մարտական և գաղափարական
ընկերների հետ։ Վազգեն Սարգսյանի՝ նրա հրամանատար և մարդ տեսակի մասին կարելի անվերջ խոսել և գրել։ Ինչպես
ամեն տարի, այս տարի ևս, պետական բարձրաստիճան պաշտոնյաները, նրա մարտական ընկերները
և քաղաքացիները ծաղիկներ են խոնարահում Սպարապետի շիրմին՝ հիշում նրա հետ զրույցները,
ինչու ոչ՝ նաև թողած դասերը։
Այս ամենի կողքին, սակայն կա մի ցավալի փաստ՝ հայտարարությունները հաղթանակի և
ուժի մասին չեն։ Կար ժամանակ, երբ մարտական ընկերները, թեկուզ հենց իշխանության ներկայացուցիչները՝
գլուխները բարձր գոռում էին, որ շարունակում են Սպարապետի գործը, որ գաղափարակից են
և այլն։ Հիմա խոսում են այն մասին, թե ինչ կուզեր կամ ինչ թույլ չէր տա նա, ինչ կաներ,
եթե պատմության ողբերգական էջը չընդհատեր պետական իրական գործչի կյանքը։
«Մենք պետք է Վազգեն Սարգսյանի մտքերն իրականություն դարձնենք։ Սիրենք մեր երկիրը, ամեն ինչ անենք, որ երկիրը լինի անվտանգ, ապահով։ Դա է եղել իր պատգամը։ Այն, ինչը ինքը չկարողացավ անել, պետք է հետագա սերունդները, գիտակցելով այդ ամենը, իրականություն դարձնեն»,- Եռաբլուրում նման կարծիք հայտնեց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքաելյանն էլ խոսեց գերի չընկնելու, երկիրը հզորացնելու, հոկտեմբերի 27 չկրկնելու կարևորության մասին։
Ընդդիմադիրները նկատում էին, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ՝ չէր թողնի, որ
Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ։ Մարտական ընկերները վստահեցնում էին՝ պետք է փորձել
վերականգնել գոնե նրա թողած Հայաստանը։
Իսկ ի՞նչ չէր ուզի Սպարապետը՝ թվարկումները
շատ-շատ են, բայց իրականությունը մեկն է՝ նա չէր ցանկանա լսել այսօր իր շիմի մոտ արված
ոչ մի հայտարարություն։ Վարզգեն Սարգսյանը պարտության մասին խոսակցությունները մերժում
և ատում էր։ Միշտ հաղթող և չվախեցող մարդիկ պարտության մասին չեն էլ մտածում։ Նա չէր
ուզի, որ պետության ընթացքի անիվը 30 տարի հետ պտտվեր՝ նորից կանգնած լինեինք Արցախ
և ընդհանրապես պետականություն ունենալու հարցի
առաջ։ Նա չէր ուզի, որ խոսվեր արցախցիների ինչ-որ կարգավիճակով իրենց տուն վերադարձի
մասին՝ այն էլ տպավորություն լիներ, որ անիրատեսական ցանակություն է։ Սպարապետն առավելագույնն է արել և դրան էր ձգտում՝ նա թողել էր ազատ և անկախ Արցախ:։ Չէր ուզի, որ մի օր քննարկվեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերի ընկնելու
և չընկնելու հարցը, և ամենակարևորը՝ ամեն ինչից շատ և ամեն ինչից վեր Սպարապետը չէր
ցանակա, որ իր կողքի ննջեցյալների թիվն այսքան ավելանար․․․
Ահա այն՝ ինչ չէր ուզի և ինչը չլինելու
համար Վազգեն Սարգսյանը պայքարեց մինչև կյանքի վերջին շունչը՝ կանգնած և հպարտ։ Ծնունդդ
շնորհավոր ՍՊԱՐԱՊԵՏ․․․









