Foto

ՀՀ հերոս հարկատուի շահերի պաշտպանությունն իրականացվում է գործավարի մակարդակի գործիքակազմով

«Գերիների վիճակի մասին պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում և այն փոխանցում հարազատներին: Վերջին անգամ նման տեղեկատվություն ստացվել է փետրվարի սկզբին և փոխանցվել նրանց ընտանիքի անդամներին»: Այս մասին երեկ հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Մենք  հետևում ենք մամուլում շրջանառվող տեսանյութերին, լուսանկարներին, դրանք ուսումնասիրվում են և ներկայացվում ՄԻԵԴ-ին։ Լրացուցիչ տեղեկությունների տալուն պարտավորեցնելու դիմումներ ենք ներկայացնում ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլ նաև այնտեղ պահվող բոլոր անձանց մասով։ Մեզ մոտ էլ կան որոշակի անհանգստություններ՝ կապված այլ պահվող անձանց հետ։ Այդ ուղղությամբ բավականին մանրամասն աշխատանք ենք փորձում կատարել»,- ասել է նա:

Այսինքն՝ ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչը սպասում է՝ մամուլում ինչ լուսանկարներ և տեղեկություններ տարածվեն, որ հավաքի մեկ ֆայլում և ուղղակի Եվրապական դատարան ու խնդրի հավելյալ տեղեկություններ ու վե՞րջ։

Արդյո՞ք Եվրոպական դատարանում մեր միակ ներկայացուցիչն իր պետության քաղաքացիներին հենց այդպես պետք է պաշտպանի թշնամիներից։ 23 հայ այս պահին Բաքվի բանտում խոշտանգվում է միայն նրա համար, որ հայ է, և նրանց պաշտպանությունը փաստացի միայն սահմանափակվում է նրանով, որ Բաքվից տեղեկություններ ուզենք նրանց պահման պայմանների վերաբերյալ։ Եղիշե Կիրակոսյանին կամ ցանկացած բանական մարդու թվու է, որ Բաքուն կպատասխանի, թե օրական քանի՞ անգամ և ի՞նչ խոշտանգումների են ենթարկում այնտեղ պահվող հայերին։ Սա նույն է, թե ոչինչ չանելը, սա հանցավոր անգործություն է։

Բաքվի լրատվականները հրապարակում են լուսանկարներ, դա հայտնվում է հայկական մամուլում, հետո ՄԻԵԴ, և որպեսզի մեր ՄԻԵԴ ներկայացուցիչը ստիպված չլինի դրանք ներբեռնել և մեկ այլ ֆայլով ուղարկել Դատարանին, ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածում, որ եթե Բաքուն այդ լուսանկարները չտարածի, ապա բողոքի ալիք չի բարձրանա։

ՄԻԵԴ հարցով զբաղվող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ հայտարարում է, որ Բաքվում գերիների վիճակը բարելավվել է։ Այդ ինչպե՞ս, Արտակ Զեյնալյանը մամուլում այլ լուսանկարներ է տեսնո՞ւմ, թե՞ այլ տեղեկություններ ունի։

Մամուլի հրապարակած լուսանկարներում երևում են Արցախի խոշտանգված ռազմաքաղաքական ղեկավարները՝ Ռուբեն Վարդանյանի գլխի շրջանում վնասվածքներ կան, որոնք ըստ տարբեր մասնագետների հոգեգործուն սարքերի կիրառության հետևանք են, նա հացադուլ է հայտարարել, գոռում է անարդար դատավարության, կեղծ իրավական փաստաթղթերի մասին, նրա թիմակիցները հացադուլ են հայտարարում՝ աշխարհի և ՀՀ իշխանության ուշադրությունն այդ խնդրի վրա կենտրոնացնելու համար, իսկ ՀՀ-ից հայտարարում են, որ նրանց վիճակը լավ է։ Չնայած այն հանգամանքին, որ մյուս գերիների լուսանկարներից ևս տեսանելի են խնդիրները, նույնիսկ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է հայտարարում, որ դեմքներից տեսանելի է այլ միջոցների կիրառումը։

Գուցե պետք է Եղիշե Կիրակոսյանի և Արտակ Զեյնալյանի տեղեկությունները միացնել իրար և հասկանալ, որ բացի նույնաբովանդակ և ոչինչ  չասող տեղեկությունները ՄԻԵԴ-ից պահանջելը, պետք է նաև նրանց պաշտպանությամբ զբաղվել։

Կարևոր դեր ունի այստեղ նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Ժամանակին ՀՀ ՄԻՊ-ի զեկույցից էր, որ ՀՀ հասարակությունը, մամուլը, միջազգային կառույցները տեղեկանում էին, թե ինչպես են գերիներին վերաբերում թշնամի պետությունում, իսկ հիմա կարծես ՄԻՊ-ն այլ հարցերով է ծանրաբեռնված։

ՀՀ-ն հենց այսպես է պաշտպանում իր հերոս հարկատուներին և նրանց ժառանգներին։ Ռուբեն Վարդանյանն այդ հերոս հարկատուներից երևի մի քիչ ավելի լավ հերոս է, քանի որ, Բաքվում գտնվելով էլ, նրա բիզնեսը շարունակում է հարկեր վճարել, մյուս զինծառայողների ծնողները ևս շարունակում են հերոսաբար հարկեր վճարել, սկայան նրանց զավակների պաշտպանությունը պետության համար սահմանափակվում է մամուլից նկարները վերցնել-փողանցեովլ, ստանալ ինչ-որ թուղթ և փոխանցել հարազատներին՝ սովորական գործավարի աշխատանքի պարզեցված ընթացակարգ է։ Հենց այս մեխանիզմով էլ պաշպանվում են ՀՀ քաղաքացու շահերը։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան