Շտապօգնության բժշկին ծեծելու հերթական
դեպքն է արձանագրվել։ Այս անգամ էլ Լեո-Պարոնյան խաչմերուկում: Իրավապահները կրկին
միջամտել են և ձերբակալել տղամարդկանց, նրանց անձանական խուզարկությամբ հայտնաբերել
են դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 37 և 20 ամյա տղամարդիկ եղել են ալկոհոլի ազդեցության
տակ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ,
կատարվում է նախաքննություն։
Ընդամենը 4 օր առաջ էլ Շիրակի մարզի
Ազատան գյուղում էր շտապօգնության բուժաշխատողին ծեծի ենթարկելու դեպք արձանագրվել։
Տարեց հիվանդի որդին մոխրամանով հարվածել էր բուժակի գլխին, վերջինս գանգուղեղային
վնասվածք էր ստացել։
Սրանք այս շղթայի վերջին երկու դեպքերն
են միայն, երբ բժիշկն, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, ծեծի է ենթարկվում: Նմանատիպ վարույթներով ավարտված վճիռներ գրեթե չկան, հատկապես վերջին շրջանում։ Դրանք վաղեմությամբ
կամ բժշկի բարի կամքի արտահայտմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով, երբեմն հիվանդության
և այլ պատճառաբանություններով կարճվում են։
Երբ քաղաքացի է դժգոհում բժշկից և այդ
դեպքերն ուսումնասիրության են արժանանում՝ նշանակվում է տույժ կամ աշխատանքից հեռացում։
Սակայն բժշկի հետ ոչ պատշաճ խոսող քաղաքացին ոչ մի պատասխանատվություն չի կրում, օրենքը
նման կարգավորում չունի։
Նշենք, որ բուժաշխատողի նկատմամբ հերթական բռնության
դեպքը դատապարտել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա շեշտել է՝ հետևողական
է լինելու, որ այս դեպքերը իրավաչափ գնահատական ստանան։ Հետևողական լինելը սովարաբար
արտահայտվում է իրավապահ մարիններից պարզապես հետաքրքրվելով, թե գործի քննությունն
ի՞նչ փուլում է, և բացատրություններ տալու պատրաստակամությամբ, որոնք սակայն հետագա
դեպքերը չեն կանխում։
Առողջապահության կազմակերպիչ Գևորգ
Գրիգորյանը խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում։
«Հարցը դեռ շատ վաղուց է ակտուալ, երբ
բժիշկների նկատմամբ բռնությունը մնում է անպատասխան։ Կարծում եմ, պետք է պետական մակարդակով
բժշկին կարգավիճակ տրվի, ինչպես ոստիկանության ծառայողների, իրավապահների մասով է գործում՝
ընդհուպ միչև ազատազրկում։ 2018թ-ից առաջ նման օրենսդրական կարգավորում կար և, ցավոք,
2018թ-ից հետո այդ օրենքը չեղարկվեց։ Մյուս լուծումն էլ այն է, որ բժիշկը պետք է սովորի տիրապետել որևէ
մարտարվեստի և պաշտպանի սեփական անվտանգությունը, բայց սա էլ բոլոր դեպքերում չէ, որ
կօգնի պաշպանվել։ Խնդիրն այն է, որ մարդկանց ենթագիտակցության մեջ բժշկի մասնագիտության
նկատմամբ աշխարհընկալումը պետք է փոխվի՝ ինչը մեկ օրում չի լինի, դա տարիների աշխատանք
է»,- նշեց Գրիգորյանը։
Հարցին, թե այդ ընկալման փոփոխման համար
ի՞նչ քայլեր է տեսնում առողջապահության կազմերպիչը՝ ներկայումս վարվող առողջապահական
քաղաքականության մասով, պատասխանեց․ «Անկեղծ
ասած՝ ոչ մի։ Վերաբերմունք փոխելու քայլերն արվում են մասնագիտության հեղինակության բարձրացմամբ, մասնագիտությունը կարևորելով,
հերոսացնելով, ըստ արժանգույն գնահատելով։ Փաստացի այսօր պետական վարձատրությունը բժիշկների
մասով շատ ցածր է, բացի այդ մենք բժիշկների հերոս լինելը տեսանք միայն քովիդի ժամանակ։
Այդ կարգախոսները միայն կորոնավիրուսի ժամանակ կիրառվեցին, ինչից հետո բժիշկը դարձավ իր
սովարական աշխատանքով զբաղվող մեկը։ Եթե մենք ուզում ենք, որ այլևս բժիշկի նկատմամբ
քաղաքացին բռնություն չկիրառի, ապա պետք է բնակչությանը հասցնենք, որ դա ոչ թե մասնագիտություն
է, այլև՝ առաքելություն»։
Հիշեցնեք, որ 2017թ-ին ընդունված ՀՀ
քրեական օրենսգրքով, որն այս պահին չի գործում, քանի որ փոփոխվել է, սահմանվում էր
հետևյալ դրույթը՝
«Հոդված 130.1. Բժշկական օգնություն եւ սպասարկում
իրականացնող անձանց կամ բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելը
1. Բժշկական օգնություն եւ սպասարկում
իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի
հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի
նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»: