Foto

Փաշինյանի երջանկության մեխանիկան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ չժպտալու պես ժպտացող լուսանկարը ցանկացած գիտակից ՀՀ քաղաքացու տխուր խորհրդածությունների առիթ է տալիս։

Փաստորեն, ԱՄՆ-ում գտնվելու վեց օրերի ընթացքում Փաշինյանի սպասումները չարդարացան, ՀՀ վարչապետին որևէ մեկը Թրամպի աշխատակազմից չհրավիրեց արարողակարգային հանդիպման։ 
Այս համատեքստում, հնարավոր է, որ Փաշինյանը և նրա արարողակարգը կանխավ մտածված վերջին փրկօղակը մեջտեղ բերեցին՝ նախորդիվ, վստահաբար, այս տարբերակի համար հիմքեր ստեղծելով։ Այսինքն, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ մի ճանաչողական հանդիպման պայմանավորվածության շուրջ բանակցություններ վարած լինելով։

Ի վերջո, պարզվում է, վերադարձից առաջ 7-րդ օրը /դե, հո՞ ձեռնունայն չէ՞ր վերադառնալու/ եղել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ ճանաչողական բնույթի մի հանդիպում՝ Սպիտակ տան նրա առանձնասենյակում՝ առանց արարողակարգային կարեւոր պայմանների պահպանման։ Այդ մասին արդեն շատ գրվեց․ այս հանդիպման մասին պաշտոնական լրատվություն գոյություն չունի, իսկ լուսանկարը, ուր Փաշինյանը արտաքուստ ժպտում է, պրոտոկոլային չէ, ակնհայտ՝ առանց պետական արարողակարգային հանդիպումներին հատկանշական ատրիբուտների․․․

Իսկ այն, որ պահը ֆիքսող հեղինակին պետք է եղել այս լուսանկարը, ակնհայտ է։ 
Մոտավորապես այնպես, ինչպես ՀՀ նախագահ՝ Վահագն Խաչատուրյանին էր պետք եղել Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Եղիսաբեթ 2-ի մահվան արարողությանը իր մասնակցության հույժ կարևոր պահի արձանագրումը՝ իր իսկ արարողակարգի կողմից․․․

Նկատենք, որ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ երկսայրի սուր է հենց Փաշինյանի համար։ Դատեք ինքներդ, ԼԳԲՏ համայնքի ջերմ պաշտպան Փաշինյանը հանդիպում և լուսանկար է տարածում ԱՄՆ փախնախագահի հետ, ով կատեգորիկ դեմ է նույնասեռական ամուսնություններին, պահպանողական-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է և ԱՄՆ կողմից ՈՒկրաինային տրամադրվող հսկայական օգնություններն անընդունելի է համարում՝ գտնելով, որ Եվրոպան պիտի օգնի ՈՒկրաինային, իսկ ԱՄՆ-ը իր պետական շահերով պիտի առաջնորդվի։ Այսինքն, նրա համար իր պետության շահն է կարևորը։ 
Եվ վերջ․․․ Նույն կերպ կարող է մտածել ՀՀ-ի հետ կապված․․․

․․․Փաշինյանի երջանկության մեխանիկան ԱՄՆ-ում յոթ օր շարունակ մի հանդիպում էր ուզում, լուսանկար էր ուզում․․․ Ստացավ․․․