Foto

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին: Այս մասին ասված է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:

««Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների իշխող կոալիցիան, լեգիտիմության բացակայության պայմաններում հաշվի չնստելով ընդդիմադիր խմբակցությունների կարծիքի հետ, շարունակում է մեր քաղաքի և երևանցիների համար վնասակար որոշումների ընդունումը։

Ավելին, անտեսելով շուրջ 80 000 քաղաքացիների ստորագրությամբ պահանջագիրը և այդպես էլ օրակարգ չբերելով «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը, ըստ որի մեկ ուղևորության համար քաղաքացին կվճարի 100 դրամ, իշխող կոալիցիան արհամարհում է հանրային կարծիքը և զբաղված է «որքան ուզենք կխփենք»-ով։

Մերժելով իշխանության հետզհետե լկտիացող ոճը, քաղաքացիներից գումար կորզելու անհիմն որոշումները՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին հրավիրվող արտահերթ նիստին, չի ապահովի իշխանության համար բաղձալի քվորումը։

Կոչ ենք անում ավագանու ընդդիմադիր ուժերին չապահովել քվորում՝ ելնելով Երևան քաղաքի և երևանցիների լավագույն շահից»։