Foto

«Սեյչաս եսծ, ա սեյչաս նյե՞տ». թալանի մեխանիզմը

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, իր կարծիքն արտահայտելով հասարակական տրանսպորտի թանկացման մասին և, ըստ էության, արդարացնելով մի քանի տոկոս ձայն ստացած Ավինյանի որոշումը, մի թեզ է առաջ քաշում. «Հնարավոր է, ու չե՞ն անում ...»:

Թողենք Թունյանին. ուղղակի առաջադրանք ունի մի բան գրել ու գրել է:

Սա գրում եմ, որպեսզի դուք՝ հարդելի՛ ընթերցողներ, ճիշտ հասկանաք իրերի դրությունը, կուլ չտաք ձեզ մատուցվող հերթական խայծը, որքան էլ այն գրագետ շարադրված լինի:

«Հնարավոր է, ու չե՞ն անում ...», իսկ մի՞թե եղած միակ հնարավորությունն առանց այդ էլ աղքատ քաղաքացու գրպանը մտնելն է:

Ո՛չ ու կրկին ո՛չ:

Եթե նիկոլական իշխանությունը երկրում իրականացներ ներդրումային միջավայրի բարելավման քիչ թե շատ գրագետ քաղաքականություն, ներքին ու արտաքին բազմաթիվ ներդրումներ կլինեին՝ մասնավորապես, հասարակական տրանսպորտի բարելավման համար:

Իսկ ի՞նչ են արել ՔՊ-ականները դրա փոխարեն կամ դրան հակառակ.

. Արկածախնդիր արտաքին քաղաքականությամբ հրահրել են կործանարար պատերազմ, այն տանուլ են տվել՝ խլելով 5 հազար մարդու կյանք, վիրավոր ու հաշմանդամ են դարձրել գրեթե 10 հազար աշխատունակ քաղաքացու, հրաժարվել են Արցախից ու արցախցիների իրավունքների պաշտպանությունից և հիմա նաև ստիպված են դժկամությամբ նրանց կենցաղային և սոցիալական հոգսերը հոգալ (ընդգծեմ, որ դեմ չեմ դրան, դեռ ավելին պետք է անեն):

. Հայաստանի սահմանները բացել են Ադրբեջանի զինված ուժերի առաջ և վտանգել են երկրում և տարածաշրջանում կայուն խաղաղությունը, որը ներդրումների հիմնական խոչընդոտն է:

. Վայրի հարկահանությամբ ոչնչացնում են փոքր ու միջին բիզնեսը, որը պետության հարկային մուտքերի զգալի աղբյուրն է:

. Եղած սահմանափակ հնարավորություններն ու ամենօրյա ռեժիմով ավելացող արտաքին պարտքը մսխվում է ոստիկանական ուժերի պահպանման և խրախուսման վրա: Ստեղծվել է պարեկային ծառայություն, համայնքային ոստիկանություն, ոստիկանական գվարդիա և այլն:

. Արտաքին պարտքը ծախսվում է պետական ուռճացված ապարատի պահպանման, իրենց կուսակցական նոմենկլատուրայի ու բարձրաստիճան չինովնիկների բարձր աշխատավարձերի ու պարգևավճարների համար: Պատահակյան չէ, որ Փաշինյանը հիշեցնում էր Անիի «անվճար կառավարչի» մասին:

. Երկրի ֆինանսական հնարավորությունները մսխվում են սնուփդոգերի, «ծիածանագույն» պերֆորմանսների, ամեն օր ու ամեն պատի տակ եսիմինչերի փառատոններ կազմակերպելու, տոնածառ զարդարելու վրա:

. Պետական ու համայնքային բյուջեների ճնշող մասը, շրջանցելով պետական գնումների ընթացակարգերը, մեկ աղբյուրից գնումներով բաժանել են նորահայտ ասֆալտչիների, պռառաբների ու ծառատնկողների միջև:

Այսպես անդադար կարելի է թվարկել ու Նիկոլի «մունետիկներին» ցույց տալ, թե որտե՞ղ են իրական հնարավորությունները: Բայց կրկնվեմ. դա նրանց պետք չէ, իրենք ավելի լավ ու ավելի շատ գիտեն դրա մասին:

Դո՛ք, սիրելի քաղաքացիներ, իմացեք սա ու զինվեք տեղեկատվությամբ, որ վաղը հերթական «բարեփոխման» պատրվակով չմտնեն ձեր գրպանը, որպեսզի էլ ավելի շվայտ հաճույքների տրվեն նիկոլենք, ալենենք, աներձագներն  ու ավինյանները:

Բոյկոտե՛լ տրանսպորտի թանկացումը և վերջ:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան