Բաքվում, Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործության
մոտիվներով, այսօր մեկնարկում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատաքննությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝
ահաբեկչության, ցեղասպանության, օկուպացիայի և ծանրագույն այլ մեղադրանքներով ադրբեջանական
դատարանի առջև կկանգնի 16 հայ:
Մեղադրյալների շարքում են Արցախի նախկին
նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի
նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, հրամանատարի
նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև գերեվարված ութ այլ հայեր՝ Գարիկ Մարտիրոսյանը,
Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալլահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ
Բաբայանը, Էրիկ Ղազարյանը և Վասիլի Բեգլարյանը:
Դատավարությանն ընդառաջ, Ռուբեն Վարդանյանը
երեկ հայտարարեց, որ մինչ օրս որևէ հարցաքննության չի մասնակցել և որևէ ցուցմունք չի
տվել․ եղածները կեղծ են և իր փաստաբանին և
թարգմանչին ստիպել են ստորագրել փաստաթղթե՝ր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների
կեղծ արձանագրություններ: Վարդանյանը բացեիբաց խոսեց Բաքվում տիրող ատելության, թշնամանքի․
Ադրբեջանի և իր ղեկավարի հատուկ կեղծիքների, ստի մասին։ Նա միջազգային հանրությանն
ի ցույց դրեց Ադրբեջանի իրական դեմքը և այդ երկրում տիրող «արդարադատության» որակը։
Դատաքննությունից առաջ նման հայտարարությունը կարող է թանկ արժենալ Բաքվում գտնվող
հայ գերու համար, սակայն Վարդանյանը նշեց, որ պայքարելու է՝ անկախ նրանից, որ որոշակի
հոդվածներ, որով ինքը մեղադրվում է, ենթադրում են ցմահ ազատազրկում։
Միջազգային իրավական կառույցներն էլի
լուռ են, առանձնապես աղմուկ չկա, Բաքվին ոչինչ նույնիսկ չեն հորդորում, կոչ չեն անում։
Այս անտարբերությունը մեկ հստակ պատճառ ունի՝ Հայաստանի Հանրապետությունը պարզապես
չի պահանջում իր քաղաքացիներին։
Ռուբեն Վարդանյանի և Արցախի նախկին
մյուս ռազմաքաղաքական ղեկավարների գործով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը դիմել է Դատարանին
և նրանց վերաբերյալ ՄԻԵԴ-ը պարբերաբար Ադրբեջանից տեղեկությունն է պահանջում և վերջ։
Վարդանյանի ընտանիքը ևս դիմել է ՄԻԵԴ, սակայն այս հայտարարության մասով դեռևս որևէ
արձագանք չկա։
ՀՀ ԱԳՆ-ն անգամ մի սովարական հայտարարությամբ
չի պահանջել դադարեցնել այդ շինծու և միջազգային իրավունքին հակասող գործընթացը։ Ավելին՝
այս հարցը երբեք, որպես նախապայման, առաջ չի քաշել, չնայած ալիևյան վարչախումբն ամեն
օր նոր պահանջներ և նախապայմաններ է առաջ քաշում՝ ընդհուպ ՀՀ ներօրենսդրական միջամտության
ձևով։
Մինչ Ալիևը Բաքվում սկսված այդ իբր դատաքննությամբ
ոտնահարում է ՀՀ արժանապատվությունը՝ որոշում է թե ՀՀ ո՞ր քաղաքացուն, ինչպե՞ս պատժի,
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման
հարցերով պետական հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Ընդ որում, այստեղ ևա առավելությունը Բաքվի
կողմն է։
Մասնագետները, գիտակցելով գործի քաղաքական էությունը և Հայաստան պետության անգործությունն, առայժմ չեն ցանկանում մեկնաբանել ստորացման այս գործընթացը։
Կաֆկայի հայտնի «Դատավարության» ստեղծագործության հերոսն էլ փորձում է հասկանալ թե իրեն ինչու են բանտարկում և որտեղ է այդ դատավարությունը՝ մեղադրանքը չհասկանալով գնում է առաջ և որևէ օգնական ուժ իր կողքին չէ։ Հիմա այդպես հայերը գտնվում են Բաքվի բանտում և պատասխան են տալիս ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության համար, քավում այդ սխալների հետևանքները, իսկ իրական հանցագործները շարունակում են «լավ ապրելու» մասին դասեր տալ։