Այսօր՝ հունվարի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, որից հետո երկրորդ հարկի աստիճանների մոտ, ապա ննջասենյակում՝ մահճակալի կողքին հայտնաբերել են ծխահարված դիեր։
Տեղում պարզվել է, որ բնակարանը գազաֆիկացված չէ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները նշված տան բնակիչներ 74-ամյա Անուշ Բ․-ն և 44-ամյա Լիլիթ Հ․-ն է։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները մայր ու դուստր են։