Foto

Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է նախագահի իմփիչմենթի օգտին

Հարավային Կորեայի Ազգային ժողովը շաբաթ օրը կողմ է քվեարկել երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթին, տեղեկացրել է Yonhap-ը։

Յունի իմփիչմենթի մասին առաջարկը ընդունվել է 204 կողմ ձայնով, 85 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ, ութ թերթիկ անվավեր է ճանաչվել։

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը հայտնել էր, որ ռազմական դրություն մտցնելու որոշումը չի կարելի խռովություն համարել, քանի որ նա փորձել է «պաշտպանել երկիրը»։ Նա նաեւ նշել է, որ ռազմական դրություն մտցնելը նախագահի լիազորությունն է, արտաքին քաղաքականության իրականացմանը հավասար, դրա համար էլ իբր չի կարող լինել «իրավաբանական ստուգման» առարկա։ Նախագահի որոշումը կարող է չեղարկել միայն խորհրդարանը, ընդգծել է Յուն Սոկ Յոլը։

Հարավային Կորեայի նախագահը պնդել է, որ զինվորականներին ուղարկել է Ազգային ժողով ոչ նրա համար, որպեսզի խափանի քվեարկությունը ռազմական դրության չեղարկման մասին, այլ «կարգի պահպանման» համար։

Ռազմական դրությունը սկսել է գործել դեկտեմբերի 3-ին, տեղի ժամանակով ժամը 23.00-ին, դեկտեմբերի 4-ին, ժամը 01.00-ին խորհրդարանը քվեարկել է դրա չեղարկման օգտին։ Ազգային ժողով էր ուղարկվել 280 հատուկջոկատային։

Ավելի վաղ բանակային հատուկ ուժերի հրամանատար Քվակ Չոն Գընը նշել էր, որ նախագահը հրամայել է պատգամավորներին դուրս բերել խորհրդարանի շենքից քվեարկությունը խափանելու համար։ Սպայի խոսքով՝ կարգադրությունն ստացվել է փակ կապի միջոցով։ Նախագահը պնդում է, որ ենթարկվել է խորհրդարանի որոշմանը եւ հրամայել է դուրս բերել զինորներին։ Խորհրդարանի աշխատանքը արգելակելու փորձը հիմք է դարձել խռովության հետաքննության համար, որի նպատակը եղել է սահմանադրական կարգի տապալումը։