Ժամը 11.30-ի տվյալներով՝ Վրաստանի նախագահի ընտրություններին մասնակցել է կոլեգիայի 170 անդամ։ Այս տեղեկությանը լրագրողներին ծանոթացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին, տեղեկացրել է Interpressnews-ը։
Նրա խոսքով՝ ընտրությունները կայացել են, քանի որ դրանց մասնակցել է ընտրողների կոլեգիայի անդամների կեսից ավելին։
«Ժամը 11.30-ի դրությամբ գործընթացին մասնակցել է ընտրողների կոլեգիայի 170 անդամ։ Հետեւաբար, ընտրությունները ճանաչվել են կայացած, քանի որ դրանց մասնակցել է կոլեգիայի լրիվ կազմի կեսից ավելին»,- ասել է Իոսելիանին։
Վրաստանի խորհրդարանում այսօր տեղի են ունենում նոր նախագահի ընտրություններոը։ Միակ թեկնածուն «Վրացական երազանքի» առաջադրած նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին է, որը բարձրագույն կրթություն չունի։
Ընդդիմությունը չի մասնակցում խորհրդարանի աշխատանքին եւ իր թեկնածուին չի առաջադրել։
Ավելի վաղ Զուրաբիշվիլին նախագահական ընտրություններն անվանել էր «պարոդիա» եւ «սադրանք»։ Ինչպես եւ ընդդիմությունը, նա խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ։ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ չի պատրաստվում վայր դնել լիազորությունները, մինչեւ որ երկրում տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրություններ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Զուրաբիշվիլին, այնուամենայնիվ, ստիպված կլինի «գնալ թոշակի» Կավելաշվիլու երդմնակալությունից հետո դեկտեմբերի 29-ին։









