Միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից մեկն Ամարասն է։ Ըստ 5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդի՝ Ամարասի Սուրբ Գրիգորիս եկեղեցին` 4-րդ դարի սկզբին կառուցել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ ավարտին է հասցրել նրա թոռը՝ Գրիգորիսը, ում, ըստ հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացու, հուղարկավորել են եկեղեցու արևելյան կողմում։ Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է Արցախի և Ուտիքի հայության հոգևոր-մշակութային կենտրոններից Ամարասը լինել «աղվանական» մշակութային կառույց, երբ անգամ դուրս էր Բուն Աղվանքի տարածքից։ Այս մասին գրում է «Գեղարդ» հիմնադրամը:
5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ հիմնել է Արցախի առաջին դպրոցը։ Ամարասը եղել է Արցախ-Ուտիք երկրամասի հոգևոր և եպիսկոպոսանիստ կենտրոններից մեկը։ Դարերի ընթացքում վանքը մի քանի անգամ ավերվել է օտար նվաճողների կողմից։
15-16-րդ դարերում այստեղ գրվել և ընդօրինակվել են հայերեն բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ 2023 թվականի սեպտեմբերին Ամարասն օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից։