24news.am-ը հարցում է ուղարկել ԱԳՆ, թե ինչպես կմեկնաբանեն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, որ հայկական իշխանությունների խնդրանքով՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը կայանալու է ոչ թե Երևանում, այլ Սանկտ-Պետերբուրգում։ Արտաքին քաղաքական գերատեսչությունից մեծ հաշվով հերքել են ռուսական կողմի ասածը՝ նշելով, թե այս որոշումը կայացվել է դեռևս մայիսին՝ Մոսկվայում։
«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայման անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում:
Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում:
Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8- ին ք. Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ-Պետեբուրգում», - նշված է ԱԳՆ պարզաբանման մեջ։