Կրեմլն արձանագրել է այն փաստը, որ ի տարբերություն Դոնալդ Թրամփի թիմի, որը խոսում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման անհրաժեշտության մասին, Ջո Բայդենի վարչակազմը զբաղված է միայն մի բանով՝ հակամարտությունը թեժացնելով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագաահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Միջազգային մամուլի տեղեկությունների համաձայն՝ Թրամփի թիմն արդեն այս տարվանից, մինչև Թրամփի կողմից նախագահությունը ստանձնելը (պաշտոնավարումն սկսվելու է հունվարից-խմբ․) աշխատելու է ԱՄՆ գործող վարչակազմի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ուղղությամբ։
Այս առնչությամբ Պեսկովը նշել է․ «Այդ լուրերը մեզ հայտնի են։ Իսկապես, Թրամփի կողմնակիցների և ձևավորվելիք վարչակազմում տարբեր պաշտոնների համար առաջադրվածների կողմից հնչում են «խաղաղություն» կամ «խաղաղության ծրագիր» բառերը։ Իսկ ԱՄՆ գործող վարչակազմի ներկայացուցիչների կողմից նման խոսքեր չեն հնչում, շարունակվում են սադրիչ քայլերը, էսկալացիայի հանգեցնող գործողությունները։ Սա է այն իրականությունը, որին բախվում ենք»,- ասել է Պեսկովը։