Foto

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի նրանց բոլոր մտահոգությունները. Կոպիրկին

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության շուտափույթ հաստատմամբ: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի համար «դառնահամի»: Մենք հստակ տեսնում ենք, որ Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է՝ հաշվի առնելով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախորդած իրադարձությունները։

Ռուսաստանը միշտ պատրաստ է մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին։

Նման օգնության ձևերն ու ծավալները պետք է ընտրեն իրենք՝ բանակցող կողմերը։ Այս առումով մենք ուրախ ենք, որ հոկտեմբերի 24-ին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ տեղի ունեցան, ինչը հնարավորություն տվեց օգտակար ազդակ հաղորդել հարաբերությունների կարգավորման երկխոսությանը»,- ասել է դեսպանը։