Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին քննադատել են այն բանի համար, որ նա զվարճացել է Տորոնտոյում երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգին, իսկ այդ ընթացքում Մոնրեալում քաոսային իրավիճակ էր հակաիսրայելական ցույցերի պատճառով:
Թրյուդոյին քննադատել են անկարգությունների վերաբերյալ իսպառ անտեղյակության համար, գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ ցուցարարները հրկիզել են մեքենաներ, ջարդել խանութների ցուցափեղկերը և այրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խրտվիլակը:
Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ. բռնությունների կադրերը տարածվել են համացանցում ՝ առաջացնելով զայրույթի և քննադատության ալիք: Այս իրավիճակի ֆոնին վարչապետը վայելել է փոփ աստղի համերգը:
Սրան արձագանքել է Քվեբեկից սենատոր Լեո Հուսակոսը. «Այս գիշեր, մինչ Ջասթին Թրյուդոն զվարճանում էր Տորոնտոյում, ես հանդիպում էի Մոնրեալի հրեական համայնքի մի քանի անդամների հետ։ Ահա ինչ է տեղի ունեցել մեր քաղաքում այս գիշեր: ՀԱՄԱՍ-ի կողմնակից ամբոխը ոգևորվել է Իսրայելի վարչապետին ձերբակալելու վերաբերյալ Թրյուդոյի խոստումից: Հուսով եմ՝ զվարճացել ես համերգի ժամանակ, Ջասթին»։
Թրյուդոյի մասնակցությունը համերգին շատ կանադացիների ստիպել է կասկածի տակ դնել նրա առաջնորդությունն ու առաջնահերթություններն երկրում ցնցումների պահին, երբ Մոնրեալը պայքարում էր կարգուկանոնը վերականգնելու համար, նկատում է աղբյուրը:
Աղբյուրը՝ Tert.am