Foto

«Պետք չէր փչացնել հարաբերությունները ՌԴ–ի հետ, և հույսը դնել եվրոպական հեքիաթների վրա». Արթուր Խաչիկյան

«Եթե մենք ունենայինք հավասարակշիռ և արևմտամետ քաղաքականություն, հիմա շատ ավելին կստանայինք և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից, և՛ Իրանից։ Բայց, քանի որ մենք չկարողացանք ճիշտ հաշվարկել, մեր դիվանագիտությունը տանել, մնացինք մեկուսացման մեջ, և հիմա խնդրողի, աղերսողի դերում ենք»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին կայացած «Հարավային Կովկաս. Ռեգիոնալ անվտանգություն եւ մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը։

«Պետք չէր փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Պետք էր լուրջ, առանց հեքիաթների հարաբերություններ հաստատել Եվրոպայի և Իրանի հետ։ Դրա փոխարեն մենք մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա, և մնացինք այսպիսի վիճակում»,–հավելեց նա։

Անդրադառնալով «Հարավային Կովկաս. Ռեգիոնալ անվտանգություն եւ մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովին, Արթուր Խաչատրյանն ասաց.

«Ինձ համար շատ կարևոր է, որ մենք խոսում ենք իրական մասնագետների հետ՝ Արևմուտքից, ԱՄՆ–ից, Ֆրանսիայից և այլ երկրներից։ Մարդկանց հետ, որոնք ոչ թե վարձրատրվում են քարոզչության համար, այլ ակադեմիաներում, համալսարաններում աշխատող մարդիկ են, որոնց վերլուծության մակարդակը իսկապես շատ բարձր է։

Եվ եթե դուք լսեք նրանց խոսքը, թե ինչ սիգնալներ ենք մենք ստանում, օրինակ Ֆրանսիայից կամ ԱՄՆ–ից, որևէ հեքիաթ մեզ չեն պատմում, չեն ասում՝ վաղն ամեն ինչ լավ կլինի։ Հակառակը, մեր առաջին հյուրը՝ Ջեյմս Կարդենն ասաց, որ լավ բան չի սպասվում. Թրամփի արտաքին քաղաքականությունը շատ ագրեսիվ կարող է լինել և մեր տարածաշրջանում  կարող է առճակատում սկսվել Իրանի հետ։ Ֆրանսիայի ներկայացուցիչն էլ ասաց, որ Ֆրանսիան միայնակ չի կարող որևէ ռազմական գործողություն անել, իր ռազմական ուժերը շատ փոքր են, առավել ևս գերտերության դեմ։ Նա նշեց, որ ավելի լավ կլինի, որ Հայաստանը հարևան երկրների հետ հավասարակշիռ հարաբերություններ ձևավորի»,–ասաց Արթուր Խաչիկյանը։