«Փաշինյանը խոստովանեց, որ հերթական հանցագործությունն է կատարել՝ խախտելով մեր երկրի սահմանադրական կարգը և իրականացնելով սահմանադրական հեղաշրջում»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողերի հետ զրույցում ասաց հասարակական–քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ խոսելով այն մասին, որ Փաշինյանը երեկ տեղի ունեցած հարցազրույցում հաստատել է՝ պաշտոնանկություններն իր նախաձեռնությամբ են տեղի ունեցել։
«Սասուն Խաչատրյանը, Արգիշտի Քյարամյանը կամ Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ, իրենց աշխատանքային գործունեության հետ կապված հանգամանքներով չէ, որ հրաժարական ներկայացնելու որոշում են կայացրել, այլ դա արել են գործադիր իշխանության ղեկավարի պահանջով։ Իրականում պետք է լիներ ճիշտ հակառակը. նրանք կարող էին որոշումներ կայացնել Փաշինյանի վերաբերյալ։ Մամուլում բազմաթիվ են տեղեկությունները Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։ Սասուն Խաչատրյանն այն պաշտոնյան է, որ ցանկացած պահի կարող է վարույթ նախաձեռնել, և Նիկոլ Փաշինյանին ներգրավել վկայի կամ մեղադյալի կարգավիճակում։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանն ինքն է հորդորում պաշտոնյաներին հեռանալ, նշանակում է՝ երկրում սահմանադրական կարգը տապալված է։ Այս հանցանքի նկատմամբ պետք է այլ իրավապահ մամինները անտարբեր չլինեն»,–ասաց Էդգար Ղազարյանը։