Foto

Աբու Դաբիում կայացել է արագ արձագանքման բժշկական թիմերի 6-րդ գլոբալ համաժողովը

Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/EMT) 6-րդ գլոբալ համաժողովը (WHO Emergency Medical Teams 2024): Միջոցառմանը մասնակցել է նաև ԱՆ մասնագիտական թիմը` Հայաստանի արագ արձագանքման բժշկական թիմի (ARM EMT) ղեկավար Արմեն Մելքոնյանի գլխավորությամբ: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Համագումարի նպատակն էր լիագումար, մասնագիտացված և տեխնիկական բնույթի նիստերի միջոցով բացահայտելու ազգային թիմերի կարողությունները, վերհանելու առկա բացերն ու խոչընդոտները և խթանելու համագործակցությունը` որպես առողջապահական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, պատշաճ արձագանքման և դիմակայման համակարգի մի մաս: ԱՀԿ-ն շահագրգռված է զարգացնել և ամրապնդել իր բոլոր 193 անդամ պետությունների ազգային ԱԱԲԹ-ների պատրաստվածությունն ու կարողությունները՝ գիտակցելով, որ ազգային ԱԱԲԹ-ները (National EMTs) լավագույնս կարող են օգնության ձեռք մեկնել տեղի բնակչությանը` հաշվի առնելով արտակարգ իրավիճակների դեպքում ժամանակի սղությունը և առողջապահական համակարգի տեղական առանձնահատկությունները:

ՀՀ արտակարգ իրավիճակների առումով բարձր ռիսկային երկիր է։ Երկրում արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառներից կարելի է առանձնացնել երկրաշարժերը, զինված հակամարտությունները և համաճարակային ներուժ ունեցող մի շարք վարակիչ հիվանդություններ, որոնք կարող են անմիջական հետևանք ունենալ բնակչության առողջության վրա:

«2023 թ. սեպտեմբերի 25-ին, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում 120.000-ից ավելի փախստականներ Լեռնային Ղարաբաղից շարժվում էին դեպի Հայաստան վառելիքի պահեստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով, տարբեր աստիճանի այրվածքներ ստացած բուժառուներին օգնության ձեռք մեկնելու նպատակով մի շարք երկրներից այրվածքաբան մասնագետներից բաղկացած մասնագիտացված խմբեր (EMT Specialized Care Teams) շտապել են Հայաստան, որոնք տեղի հայ բուժաշխատողների հետ զօրուգիշեր տրամադրում էին բուժօգնություն` այրվածքով պացիենտների շրջանում կատարելով վիրահատություններ, վիրակապումներ, մատուցում վերականգնողական ծառայություններ` այդկերպ նվազեցնելով տեղական առողջապահական համակարգի բեռը: Հայաստանը ներկա պահին աշխատում է իր ազգային արագ արձագանքման բժշկական թիմի ձևավորման ուղղությամբ: Նման թիմի ձևավորմամբ մենք ուժեղացնում ենք ՀՀ-ում արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքման հնարավորությունները, նաև մարդասիրական բուժօգնություն ներմուծող երկրից վերածվում ենք նման օգնություն արտահանող երկրի»,- իր ելույթում նշել է Արմեն Մելքոնյանը:

Համաժողովի շրջանակում հայաստանյան ներկայացուցիչներն անցկացրել են երկկողմ ձևաչափով բազմաթիվ հանդիպումներ (ԱՄՆ, Ճապոնիա, ԱՄԷ, Գերմանիա, Իսպանիա, Ավստրալիա, Ավստրիա ևն): Հանդիպումների ընթացքում գործընկեր թիմերին ներկայացվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների հայաստանյան ծրագիրը, քննարկվել են աղետներին արագ արձագանքման համակարգի բարելավման հետ կապված տարաբնույթ հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում ազգային առողջապահական համակարգերի կարողությունների բարձրացման շուրջ, նախանշվել են փոխգործակցության առաջիկա քայլերը: Հանդիպման վերջին օրը կայացել է հանդիպում Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանատանը ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանի հետ: