Foto

Հիմա կերևա՝ նախկիննե՞րն էին ավելի ժողովրդավար, թե՞ նորերը

Ըստ Երևանի ավագանու որոշման՝ հանրային տրասպորտը 2025թ-ի հունվարի 1-ից կթանկանա։ 1 ուղղության արժեքը 300 դրամ է սահմանված, իսկ ամսական փաթեթն արժենալու է 9900 դրամ։ Աշխատանքի կամ դասի գնացող  և վերադարձող անձը 22 աշխատանքային օրում վճարում է 4400 դրամ։ Ստացվում է, որ ամսական փաթեթը գերազանցում է նույնիսկ երկու անգամվա ուղևորությունը։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը սկսում է ստորագրահավաք և առաջարկում է 1 ուղղության արժեքը թողնել անփոփոխ՝ 100 դրամ, միևնույն ժամանակ պահպանել ավագանու հաստատած փաթեթները։ Կստացվի այնպես, որ քիչ օգտվողների համար, սոցիալապես անվճարունակ խավի համարը գինը չի փոխվի, իսկ ավելի շատ օգտվողների համար կնվազի։

Մարությանի գնահատմամբ՝ իրենց ստորագրահավաքին կմասնակցեն տասնյակ հազարավոր քաղաքացիներ, քանի որ դժգոհությունն անչափ մեծ է։ Նախկին քաղաքապետը նաև հիշեցրել է, որ 2012-13 թթ-ի ուղիղ ժողովրդավարության պայմաններում, այսինքն՝ երբ ժողովուրդը ոտքի կանգնեց և ուղիղ ասաց իր պահանջը, քաղաքային իշխանությունը կատարեց քաղաքացիների կամքը։

Հիշեցնենք, որ ՔՊ- ի կարգախոսը Երևանի ավագանու ընտրություններում՝ «Ասե՛ք, կանե՛նք»-ն էր։ Հիմա հասարակությունն իսկապես ասում է, որ դեմ է տրասպորտի թանկացմանը և այն ստորագրությունների տեսքով հանձնվելու է ներկա քաղաքական ուժին։ Արդյո՞ք այս քաղաքային իշխանությունն ավելի ժողովրդավար կգտնվի, թե՞ «բռնապետ և թալանչի նախկիններն» ավելի ժողովրդավար էին։ Արդյո՞ք այս անգամ էլ ժողովրդի ձայնը լսելի կլինի, թե՞ «պողպատե» մանդատից այն կողմ ժողովրդավարության ձայները չեն լսվում։

Հեղինակ: Աննա Ավետիսյան