Դեմոկրատները պատրաստվում են արագ պատասխանի, որպեսզի սոցիալական ցանցերը եւ եթերը հեղեղեն հանդարտության եւ համբերության կոչերով ձայների հաշվարկի ժամանակ, եթե Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը փորձի ժամանակից շուտ հայտարարել ընտրություններում իր հաղթանակի մասին, ինչպես նա դա արել է 2020թ., Reuters գործակալությանը տեղեկացրել են Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսի ընտրարշավի ներկայացուցիչները։
Այս շաբաթ Հանրապետական կուսակցության թեկնածուն լրագրողներին ասել է, որ հուսով է իր հաղթանակի մասին հայտարարել ընտրությունների օրը, չնայած փորձագետները նախազգուշացնում են, որ վերջնական արդյունքների ամփոփման համար կարող է մի քանի օր անհրաժեշտ լինել, մանավանդ եթե որոշ կարեւոր շրջաններում ձայների վերահաշվարկ պահանջվի։
ԱՄՆ-ում ընտրությունների հաղթողները սովորաբար հայտարարվում են խոշոր ԶԼՄ-ների կողմից, որոնք վերլուծում են ձայների հաշվարկի արդյունքները՝ ներկայացված ընտրական մարմինների կողմից։ Չնայած թեկնածուները երբեմն հայտարարում են իրենց հաղթանակի մասին մինչ այդ հաշվարկների կատարումը, սովորական չէ անել դա այն բանից առաջ, քանի դեռ հաղթողը գոնե վիճելիորեն ակնհայտ չի դարձել։
«Մենք, ցավոք, պատրաստ ենք, եթե նա անի դա, եւ եթե մենք իմանանք, որ նա իսկապես մանիպուլացնում է մամուլն ու փորձում մանիպուլացնել ամերիկացի ժողովրդի կարծիքը... մենք պատրաստ ենք պատասխանել»,- ասել է Հարիսը ABC հեռուստաալիքի հարցազրույցում։
Նա մանրամասներ չի նշել այդ նախապատրաստական աշխատանքների մասին, բայց Դեմոկրատական կուսակցության վեց ներկայացուցիչներ հայտնել են, որ սկզբնական պայքարը Թրամփի վաղաժամ հաղթանակի ցանկացած հայտարարությամբ կվարվի հանրային կարծիքի դատարանում։ Նրանք նախատեսում են սոցիալական ցանցերը եւ հեռուստաեթերը հեղեղել բոլոր ձայները հաշվելու պահանջներով մինչեւ հաղթանակի հայտարարումը։
«Հենց որ նա (Թրամփը) սուտ հայտարարի հաղթանակի մասին, մենք պատրաստ կլինենք հանդես գալ հեռուստատեսությամբ, ասել ճշմարտությունը եւ գործի դնել մարդկանց լայն ցանց, որոնք կկարողանան օգտագործել իրենց ազդեցությունը հակահարված տալու համար»,- ասել է Դեմոկրատական ազգային կոմիտեի բարձրաստիճան աշխատակիցը։
Թրամփի ընտրարշավի ներկայացուցիչները Reuters գործակալությանն ասել են, որ հանրապետական թեկնածուն կպայքարի իր ձայնի համար մինչեւ ընտրատեղամասերի փակումը, բայց ուղիղ չեն պատասխանել այն հարցին, թե արդյոք Թամփը նախատեսում է նորից հայտարարել հաղթանակի մասին մինչեւ մրցարշավի արդյունքների ամփոփումը։









