Օրերս ձերբակալված, ապա ազատ արձակված հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը այսօր՝ նոյեմբերի 2-ին, հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իրեն անհիմն մեղադրանքով ձերբակալելն իշխանության քաղաքական բռնաճնշման արար է, այս ձերբակալությամբ իրեն փորձում են ահաբեկել և լռեցնել:
Նա ուղերձով դիմեց ոստիկանությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Հայաստանի երիտասարդներին:
«ՀՀ ոստիկանական համակարգում աշխատում են իմ քույրերն ու եղբայրները, հետևաբար, ոչ մի պարագայում ՀՀ ոստիկանությունը չի հանդիսանում այս ուղերձի թիրախը: Ոստիկանությունը գտվում է Հայաստանի ժողովրդին խաբած ու ժողովրդավարության անվան տակ իշխանությունն ուզուրպացրած անձանց ձեռքում` պատանդի կարգավիճակում: Ոստիկանության գործողությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական պատվեր` ճնշելու ու լռեցնելու Հայաստանի գիտակից քաղաքացիներին:
«Հայտարարում եմ` իմ ու ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր օրինապաշտ քաղաքացիների նկատմամբ ծավալված այսօրինակ անհամաչափ ու անհիմն գործողություններն ունեն քաղաքական համատեքստ»,- ասաց նա:
Հաշվի առնելով, որ ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում ԱՄՆ կառավարությունն ունի նշանակալի ու ազդեցիկ դերակատարում` նա դիմեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին:
«ԱՄՆ կառավարության ջանքերն ու աջակցությունը ակնհայտորեն փոշիացվում են, քանի որ օրվա իշխանության կողմից դրանք չեն ծառայեցվում Հայաստանում ժողովրդավարական համակարգ հաստատելուն, արդարադատության իրապես արդար համակարգ ունենալուն, օրինականության ու մարդասիրության սկզբունքներով առաջնորդվող ոստիկանություն ունենալուն»,- ասաց Ավետիսյանը:
Նա ԱՄՆ դեսպանին հորդորեց կասկածի տակ առնել իրենց կառավարության կողմից այս իշխանությանը տրամադրվող աջակցության արդյունավետությունն ու նպատակայնությունը. «Հորդրում եմ թույլ չտալ, որ ձեր կառավարության աջակցությունը կիրառվի Հայաստանում ավտորիտար համակարգ ստեղծելու ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ կիրառելու գործում»
Նա ուղերձով դիմեց նաև Հայաստանի երիտասարդներին` շեշտելով` հայկական պետության գոյությունը կասկածի տակ է:
«
Կարդում եմ մեջբերում 2018 թվականի ապրիլի 21-ին «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների կողմից հրապարակված բաց նամակից, որն ուղղված էր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Ինչպես գիտեք, մեր երկրում կրկին անհանգստության և խռովությունների ալիք է բարձրացել, քանի որ մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված, ներառյալ՝ փողոց դուրս եկած երիտասարդները, կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել, և մեր ու մեր երկրի ապագան վտանգված է»:
Սրանք իմ խոսքերն են: Ցավոք, այս խոսքերն առավել, քան արդիական են հենց հիմա, այս օրերին: Հիմա, երբ Արցախն օկուպացվել է և հայաթափվել է Ադրբեջանի կողմից, երբ այս օկուպացիայի գլխավոր պատասխանատուները շարունակում են Հայաստանում որոշումներ կայացնել և դրա հետանքով Ադրբեջանին են հանձնում նորանոր տարածքներ, վերոնշյալ նամակում նշված վտանգներն արդեն իսկ ակտիվ փուլում են գտնվում: Այս վտանգներն այնքան սուր և կենսական են, որ առանց չափազանցության հայկական պետության գոյությունը կասկածի տակ է: Ապրում ենք ամոթի և համատարած անպատասխանատվության մի շրջան, որը հաջորդիվ Հայաստանի ժամանակակից պատմության մեջ կդաջվի՝ որպես Մեծ ամոթի շրջան:
Սրանով հանդերձ, ինքս չեմ հուսալքվում և չեմ հանձնվում և, առավել ևս, չեմ համակերպվում: Չեմ համակերպվում, քանի որ ես գիտեմ, թե ինչ է համախմբման ուժը, ես գիտեմ, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, և ես նաև գիտեմ, որ համախմբման պարագայում մենք դառնալու ենք այնքան զորեղ, որ կարողանալու ենք կանգնեցնել մեր պետությունն ավերող այս իշխանությանը և կարողանալու ենք Հայաստանում ունենալ հայկական պետականության և հայ ժողովրդի շահերը սպասարկող իշխանություն:
Այս հարցում թերևս ամենակարևոր դերակատարումը երիտասարդներինն է: Երիտասարդներն են, որ կարողանալու են դառնալ համախմբման առանցքը, և նրանցն է այս գործում կարևոր դերակատարումը` դառնալու ոչ բռնի պայքարի մարտիկներ»,- եզրափակեց նա:









