Մեր իրականության մեջ մի այսպիսի բան կա, որ առավոտից իրիկուն չարչարվում
ենք ու ոչ մի արդյունք չենք ստանում։ Դա նրանից է, որ մենք շարժումն ու գործողությունը
շփոթում ենք։ Այո, կարելի է հազարավոր կալորիաներ ծախսել և զրո արդյունք ստեղծել։ Եվ
դրանից էլ ձևավորվում է աշխատանքի նկատմամբ մեր միջին վիճակագրությունը։ Այս մասին
այսօր 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ
ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Այստեղ պետք է կրկին
հիշել այն հայտնի թեզը, որ մարդ դիմացինին չափում է սեփական արշինով։ Եվ իսկապես՝ շարժումն
ու գործողությունը շփոթում ենք։ Այս համատեքստում՝ նայելով ՀՀ կառավարության վարած
քաղաքականությանը, համոզվում ենք, որ Փաշինյանի միտքը տեղին է։ ՀՀ կառավարությանը երբեք
այսքան հաճախ չի հանդիպել թշնամի պետության ղեկավարին, երբեք այսքան շատ և ուղիղ բանակցություններ չեն եղել։ Նախկին ղեկավարները
թեև ունեցել են բանակցությունների իրենց տեսլականը, սակայն զրոյական կետից սկսելու
փոխարեն շարունակել և հաշվի են նստել արդեն եղած իրողությունների հետ։ 2018թ-ից ՀՀ-ն
«շարժումներ» է անում, ինչ պետք է՝ բանակցում է, սակայն «գործողությունը» կամ դրա արդյունավետությունը
չի երևում։ Այսինքն վարչապետն այստեղ՝ իր աշինով, իրավացի է։
Փաշինյանը հայտարարում
է՝ անկախ Հայաստանն իր պատմության մեջ երբեք այս քանակի գերի ետ չի բերել։ Երիցս ճիշտ
է, բայց չի հայտարարվում, որ երբեք այդ քանակի գերի էլ չենք ունեցել։ Կա «շարժում»՝ գերիների
մեծ քանակի վերադարձ, բայց եթե լիներ «գործողություն», ապա կգործեր Եռակողմ հայտարարությունը
և, համաձայն դրա, կվերադառնային «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, այդ թվում նաև Արցախի՝
պետական և ռազմական գաղտնիքի տիրապետող ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Կա «շարժում»՝ սահմանազատում
անելու պատրաստակամությամբ։ Եթե լիներ «գործողություն», ապա, առանց կանոնակարգի հաստատման, Կիրանցում սահմանազատում չէր արվի, հատկապես՝ ի վնաս հայկակական կողմի։ Կանոնակարգը
հաստատվեց «շարժմամբ» , բայց ոչ «գործողությամբ»՝ տրամաբանությամբ, քանի որ շրջանցող
մի շարք խնդրահարույց կետեր կան՝ օրիանկ՝ 5-րդ հոդվածում գրված է՝ սահմանազատումն իրականացվում
է «վերաբերելի քարտեզներով», որո՞նք են դրանք։ Մանևրելու մեծ հնարավորություններ կան,
սակայն ձևը՝ «շարժումը», պահված է, բովանդակությունը՝ «գործությունը», թե ինչ կտա այն
մեզ, չկա։
Փաշինյանն ասում է․ «Կարելի է հազարավոր կալորիաներ ծախսել և զրո արդյունք ստեղծել»։ Այո, բայց մի փոքր լավատես է վարչապետը։ Զրո արդյուքն այս կառավարության աշխատանքի համար կարող է, թերևս, լավագույնը լինել, քանի որ մի շարք մինուս արդյունքներ ունենք՝ Արցախն ամբողջությամբ հանձնված է թշնամուն, մոտ 5 հազար զոհ ունենք, 10 հազար վիրավոր, 120 հազար տեղահանված, ՀՀ իշնքնիշխան տարածքից օկուպացված է մոտ 300 քառ․կմ։ Բանակի և սպառազինության էական խնդիրներ ունենք։ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները երբեք այսքան վատ չէին եղել։ Հայ-իրանական, հայ-վրացական հարաբերություններում զգալի խնդիրներ կան, փաստացի չի գործում երբեմնի ամենակարևոր ինստիտուտներից մեկը՝ Մինսկի խումբը։ Սրանք դեռ միայն անվտանգային մի քանի օրինակներ են։ Սարսափելի իրավիճակ է նաև մյուս ոլորտնորեւմ՝ արտագաղթ, առողջապահություն, կրթություն, մշակույթ, սպորտ, էկոնոմիկա՝ հատկապես գյուղատնտեսություն, քաղաքային տնտեսություն և այլն։
Եթե իշխանությունը գոնե ձգտեր պահել զրոյի մակարդակը՝ «շարժումը» կարելի էր նույնիսկ «գործողություն» անվանել։









