Սասուն Միքայելյանը
չի կորող իր ղեկավարած Երկրապահի հայտարարությունից
նույնիսկ մեկ նախադասություն անգիր արտասանել, բայց երկրի պաշտպանունակության մասին
հայտարարություններ է անում: Իրավունք ունի՞: Ցավոք՝ այո, որովհետև ինքը ղեկավարում
է մի կառույց, որի հիմնադիրն ու գաղափարաբանության հեղինակը Վազգեն Սարգսյանն է: Սասունը,
պատկերավոր ասած, մինչև հիմա Վազգեն Սարգսյանի «մեքենան է վարում», որի յուղն անգամ
ժամանակին չի կարողանում փոխել, նույնիսկ բենզին չի լիցքավորում: Ուղղակի ռեսուրսն
է մաշեցնում՝ խոպանչու հոգեբանությամբ:
Ասում է, թե ինքը կողմ է սահմանազատմանը, որովհետև Հայաստանը Ադրբեջանի դեմ պատերազմելու հնարավորություն չունի: Թողնենք այն պատճառաբանությունը, որն ինքը բերում է,
իբր՝ Ադրբեջանը անընդհատ զինվել է, իսկ Հայաստանի նախկին իշխանությունները ... Դե մնացածը
գիտեք՝ ըստ ինստրուկտաժի:
Հիմա՝ ըստ էության: Այո, Սասունը կողմ է այն ամենին, ինչ ասում ու անում է Նիկոլ Փաշինյանը: Սասունը դեմ չէ նույնիսկ, որ իր վրա անընդհատ կոշիկ սրբեն, միայն թե շարունակի վարել Վազգեն Սարգսյանի «մեքենան», որպեսզի «գաիշնիկները» չկանգնացնեն:: Իսկ Նիկոլի սահմանազատումն ու Հայաստանի անվտանգությունն այնքան են փոխկապակցված, ինչպես ինքը՝ Սասունն ու բանականությունը: Ադրբեջանի հետ այս խայտառակ «սահմանահանձնումը» ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանն ու պաշպանունակությանը: Սասունը դա բնազդով զգում է, բայց իր «պռագռամայում» դա այլ կոդավորում ունի: Նա, ֆիզիոլոգիական օբյեկտիվ պատճառներով, չի կարող ինքնուրույն տրամաբանել ու վերլուծել իրավիճակը, նրա մտածելու օրգանի «ծրագիրը» նույնիսկ տրամաբանություն և վերլուծություն բառերից է «կախում», բայց երբ վերջին անգամ ինստրուկտաժի է գնացել, հիշել է, որ այնտեղ ասել են, որ պետք է անընդհատ կրկնել, թե Ադրբեջանի դեմ պատերազմել չենք կարող: Այ, եթե նրան հարցնենք, թե այդ դեպքում ո՞ւմ դեմ է հիմա զինվում Հայաստանը հնդկական կամ ֆրանսիական զենքով, ինչո՞ւ է զինվում, ո՞րն է լինելու հնարավոր պատերազմի նպատակն ու ակնկալելի արդյունքը, այդ ժամանակ կտեսնեք Սասունին իր ողջ «հմայքով»: Նա, դեմքի մտախոհ արտահայտությամբ ձեզ կպատասխանի, թե իրենց հայտարարության մեջ ամեն ինչ ասված է (այդ հայտարարության մեջ միշտ ամեն ինչի մասին ամեն ինչ «ասված» է լինում), որ դա իրավաբանների կամ գլխավոր շտաբի խնդիրն է ու ինքը, իբր, դրա մասին գիտի, բայց չի մեկնաբանի և այլն: Իսկ եթե ցանկանում եք, որ Սասունը խոսի քվանտային ֆիզիկայից, ուղղակի հարցրեք՝ իսկ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, երբ Հայաստանը նրա դեմ կռվելու հնարավորություն չունի:
Հ.Գ.
Սասունի համար վատ
լուր ունեմ՝ այդ նույն «մեքենան» վարելու իրավունքի հայտ է ներկայացնում նաև Եռաբլուրում
իր կողքը կանգնած Արամ Զավենի Սարգսյանը, բայց նա իր «ժառանգական իրավունքը» ցանկանում
է Արևմուտքում գրանցել: