Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին շաբաթ օրը հանդիպել եւ բանակցություններ է վարել թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ Ստամբուլում, «3+3» գագաթաժողովի շրջանակում, տեղեկացրել է Mehr-ը։
Հանդիպման ժամանակ Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել եւ մտքեր են փոխանակել հարաբերությունների զարգացման եւ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացման վերաբերյալ։
Նրանք նաեւ քննարկել են առավել կարեւոր հարցերն ու իրադարձությունները տարածաշրջանում, ներառյալ Իսրայելի ներխուժումը Գազայի հատված եւ Լիբանան։
Նախորդ հանդիպումը «3+3» ձեւաչափում տեղի է ունեցել անցած տարի Թեհրանում, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։
Հանդիպումը նվիրված էր Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների քննարկմանը եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցման եւ էներգետիկայի ոլորտներում։ Տարածաշրջանային խմբի ստեղծման հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանային խնդիրների լուծումն է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, առանց արտատարածաշրջանային եւ արեւմտյան երկրների միջամտության։









