Foto

Պուտինը չի կարող ներել Փաշինյանին․ Արմեն Բադալյան

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Մոսկվայում մասնակցում էր ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ ՀՀ վարչապետի Մոսկվա այցի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին։

-          Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում Մոսկվա այցը։

-       Այցից հետո, Մոսկվայի ազդեցությունը Հայաստանի վրա մի քայլ իջավ։ Ռուսական սահմանպահները հեռանում են հայ-իրանական սահմանի ուղեկալից, փաստացի ռուսաստանցի սահմանապահների իրավասությունների կիսում է տեղի ունենում։

-        Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեևը հայտարարեց, որ տնտեսական առումով Փաշինյանը ռուսամետ է, որ ապրանքաշրջանառությունը 14-16 միլիարդ դոլարի է հասնելու տարեվերջին և այլն։ Տնտեսական առումով Փաշինյանն իրապե՞ս ռուսամետ է։

-          Ռուսամետ բառի օգտագործումը սխալ է և այն շատ տարածված է ռուսաստանյան փորձագետների շրջանաում։ Իրենք մտածում են, որ եթե տնտեսության մեջ սերտ հարաբերություններ ունեն, ապա դա հետագայում կհանգեցնի քաղաքական մերձեցմանը։ Այդպես չէ։ Օրինակ՝ Ռուսասատանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ուներ Եվրամիության հետ, բայց ռուս-ուկրանիական պատերազմը ցույց տվեց, որ այն քաղաքական մերձեցման չի բերում և այդ կապերը մինիմալի են հասցվել։ Մեր վարչապետը ևս ոուսամետ չէ, դա ռուսական փորձագիտական դաշտի սխալներից մեկն է, որ իրենք թույլ են տալիս։

-          Տարբեր լրատվամիջոցներ արձանագրեցին, որ Պուտինը ջերմ է ընդունել Փաշինյանին, հանդիպելիս էլ ասաց, որ ուրախ է իրեն ընդունել Մոսկայում։ Սա պարզապես քաղաքավարության ժե՞ստ էր, թե՞ Պուտինը Փաշինյանին ներել է։

-          Կարծում եմ, պարզապես պրոտակոլի մաս է  և, բնականաբար, քաղաքավարության ժեստ է։ Պուտինը չի կարող ներել Փաշինյանին։ Մենք զգում ենք, որ Փաշինյանը քայլ առ քայլ իջեցնում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա։ Ուղղակի Ռուսաստանն  այսօր դրա դեմ չունի լծակ՝ գործողություններ անելու։ Զվարթնոց օդանավակայում նրանք արդեն չկան, հիմա հեռանում են հայ-իրանական հարաբերություններից, հետո կհեռանան հայ-թուրքականից, Մարգարայի կամրջի վրա ընդհանրապես ներկայություն չունեն։ Սահմանապահները միայն մարդիկ չեն, որ հեռանում են՝ նրանք իրենց հետ հեռացնում են նաև տարբեր տեսակի սարքավորումներ՝ ստուգող սարքեր, ծրագրեր և այլն։ Փաստացի ՌԴ սահմանապահ ծառայությունը զրկվում է ՀՀ-ում տեսնելու, լսելու իր համար շատ կարևոր գործառույթից։ Բնականաբար սա ներելի չէ։ Պատահական չէր, որ ԱՊՀ գագաթաժողովից առաջ ՌԴ-ն հիշեցրեց, որ չի ողջունում ԵՄ դիտրորդների առկայությունը Հայաստանում։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան