Foto

«Կարաս ինչ ուզում ես գրես». Վարդան Այվազյանը չի մեկնաբանում իր վրաստանյան գույքի ծագումը «Հետք»

Բնապահպանության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, թեև Հայաստանում անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, շարունակում է նոր գույք ձեռք բերել հարևան Վրաստանում, գրում է «Հետքը»:

Կայքը գրում է. «Այս տարի Վարդան Այվազյանը նոր բնակարան և կայանատեղի է ձեռք բերել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Բնակարանն ու կայանատեղին Թբիլիսի կենտրոնական փողոցում են, նորակառույց շենքում։ 

2024թ․ ապրիլի 3-ին Վրաստանի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը գրանցել է Վարդան Այվազյանի սեփականության իրավունքը Նինո Ռամիշվիլի երկրորդ նրբանցքի N2 շենքում ձեռք բերած բնակարանի նկատմամբ։ Այն բավականին ընդարձակ է՝ 131,5 քմ։

Նինո Ռամիշվիլին Թբիլիսիի կենտրոնական փողոցներից է։ Սկիզբ է առնում Իլիա Ճավճավաձե պողոտայից։ Այվազյանի ձեռք բերած բնակարանը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) անմիջական հարևանությամբ է։

Բնակարանի բացի, Վարդան Այվազյանը նույն շենքում ձեռք է բերել նաև 2-րդ հարկի կայանատեղիներից մեկը՝ 21 քմ տարածքով։ 

Նինո Ռամիշվիլի փողոցի նույն շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկն այս պահին վաճառվում է։ Հայտարարության մեջ նշված  հեռախոսահամարին զանգահարեցինք՝ հասկանալու համար, թե ինչ արժեն այդ շենքում բնակարանները։ Սեփականատերը քմ-ը 3500 դոլարով է վաճառում։ Պատմեց, թե ինչքան լավ թաղամասում է իրենց շենքը և ինչ բարենպաստ դիրք ունի․ այն գտնվում է Վակեում և նայում դեպի Մզիուրի այգին։

Վարդան Այվազյանը ապրիլի 3-ին սեփականության իրավունք է գրանցել նաև Վաժա Փշավելա 70G հասցեի նկատմամբ։ Այստեղ նա 111․9 քմ տարածքով բնակարան է ձեռք բերել։

Վաժա Փշավելա 70G-ն էլ հայտնի առևտրի կենտրոններից մեկի՝ City Mall-ի անմիջական հարևանությամբ է։

Չնայած այս բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը Վարդան Այվազյանը նոր է գրանցել, այն դեռևս 2008-ին էր ձեռք բերել։ Ըստ ամենայնի, շինարարության ավարտից հետո այս հատվածում հասցեների ճշգրտումներ են եղել, և այժմ Քավթարաձե 1 հասցեում, որտեղ Այվազյանը դեռևս շինարարության ժամանակ բնակարան էր գնել, City Mall-ն է (որոշ աղբյուրներում City Mall-ն էլ Վաժա Փշավելա 70 է)։ Այդուհանդերձ, կառուցապատողն իր կայքում դեռևս պահպանել է հին հասցեն այդ նույն շենքի համար։

Բազմաբնակարան շենքի կառուցումը սկսվել էր 2007-ին: Համաձայն առք ու վաճառքի պայմանագրի` Վարդան Այվազյանը դեռևս չկառուցված բնակարանի համար 2008-ին վճարել էր 125 600 լարի, որն ձեռք բերման ժամանակ՝  84 000 դոլար էր կազմում: 

Այվազյանին փոխկապակցված անձինք ու գույքը Վրաստանում

Վարդան Այվազյանը Վրաստանում հիմնադրել էր երկու ընկերություն՝ «Լճեր» և «Յունիկում» ՍՊԸ-ները: Առաջին ընկերությունը, հիշեցնենք, հայտնի է նրանով, որ պատգամավորի հայրենի Տաբածղուր (Ջավախք) գյուղում վարձակալել էր համանուն լիճը և գյուղացիներին արգելել ձկնորսությամբ զբաղվել: «Լճեր» ՍՊԸ-ի իր բաժնեմասը Այվազյանը 2012-ին փոխանցել էր իր զարմիկին՝ Արմեն Այվազյանին, որը նաև ընկերության տնօրենն էր։ 2017-ին, Վրաստանի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի փաստաթղթերի համաձայն, «Լճեր» ՍՊԸ-ի բաժնեմասի 50 %-ը Վարդան Այվազյանի զարմիկը՝ Արմեն Այվազյանը, փոխանցել էր վրացի Զազա Սարալիձեին: Ավելի ուշ Արմեն Այվազյանն իր 50 % բաժնեմասն էլ փոխանցել է վրաստանաբնակ Սուրեն Ջաղացպանյանին՝ պահպանելով սոսկ ընկերության տնօրենի պաշտոնը։ Սակայն 2022թ․-ին նոր բաժնետերերը որոշել են փոխել տնօրենին և նշանակել վրացու։

Այն, որ Արմեն Այվազյանն անմիջականորեն կապ ունի Վարդան Այվազյանի հետ, ցույց է տալիս նաև ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Այվազյանների ընտանիքին պատկանող ընկերություններում Արմենի ներկայությունը: Օրինակ՝ «Այգես» ՍՊԸ-ում, որը պատկանում էր Վարդան Այվազյանի որդուն՝ Սուրեն Ավյազյանին, Արմեն Այվազյանը տնօրեն էր: «Այգես» ՍՊԸ-ի գործունեությունն այժմ դադարեցված է։

Տաբածղուր գյուղի բնակիչներից մեկը, որի խնդրանքով անունը չենք նշում,  մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ «լճի գործից» Վարդան Այվազյանը հրաժարվել է, և հիմա գյուղացիներն անխոչընդոտ ձկնորսություն են անում։ «Խեցգետինները վերացել են, և մեր ձուկը նորից շատացել է»,- ուրախությամբ ասաց նա։ Իսկ Այվազյանի գործընկեր Զազա Սարալիձեն գյուղում հյուրանոց է կառուցել և զբաղվում է հյուրանոցային բիզնեսով։

Երկրորդ ընկերությունը՝ «Յունիկում» ՍՊԸ-ն, Այվազյանը հիմնադրել էր 2011 թվականի սեպտեմբերին։ Դրա 100 %  բաժնետերն ինքն էր: Համաձայն Վրաստանի ընկերությունների գրանցման ռեգիստրի՝ 2012-ին՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, նա իր բաժնեմասը փոխանցել է  որդուն՝ Սուրեն Այվազյանին։ 

Այվազյանների «Յունիկում» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանում էր Լուբլիանա 2/6 հասցեի հողատարածքը։ Այն գտնվում էր Լուբլիանա- Չաչավա-Բելաշվիլի փողոցների մեջտեղում։ Վրաստանի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունից ձեռք բերած առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Այվազյանները 2012թ․-ին այստեղ գնել էին 7880 քմ տարածք՝ վճարելով 532 000 լարի (այժմ համարժեք է 188 հազար դոլարին):

Հողակտորը Այվազյանները ձեռք էին բերել Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից և պարտավորվել էին մինչև 2013 թվականը ներդնել 1,5 մլն լարի (այժմ համարժեք է 531 հազար դոլարին): Այստեղ Այվազյանները 2012-ից սկսել էին ձկան խոշոր կենտրոնի կառուցումը։ 2015-ին, երբ մենք այցելել էինք ձկան կենտրոնի տարածք, այն կիսակառույց էր։ Այվազյանները խոստացած ներդրումները չեն կատարել և չեն ավարտել ձկան կենտրոնի կառուցումը։

Համաձայն Վրաստանի Հանրային ռեգիստրից ձեռք բերած պայմանագրի՝ 2018թ․ օգոստոսի 15-ին Այվազյանների «Յունիկում» ընկերությունը տարածքը վաճառել է «Դենմարկ Հաուզ» ՍՊԸ-ին` 100 000 ԱՄՆ դոլարով։

Այժմ այդտեղ 3 բազմահարկ շենքից բաղկացած համալիր է կառուցվել։ Google Earth-ի՝ այդ տարիների լուսանկարներից պարզ է դառնում, որ Այվազյանների կիսակառույց ձկան կենտրոնը 2020թ․-ի մարտ-մայիս ժամանակահատվածում քանդել են, իսկ 2022թ.-ին սկսել նոր համալիրի շինարարությունը։

 «Դենմարկ Հաուզ» ՍՊԸ-ն իր հերթին տարածքը վաճառել է կառուցապատող «Բլոքս» ընկերությանը, որն էլ իրականացրել է բազմաբնակարան շենքերով համալիրի շինարարությունը։

«Յունիկում» ընկերության բաժնետեր Սուրեն Այվազյանը գրանցված է Չարենցավանի նույն հասցեում, որտեղ Վարդան Այվազյանն է գրանցված, սակայն որպես փոխկապակցված անձ այդ տարիներին հայտարարագիր չէր ներկայացրել: Վրաստանյան իր բաժնեմասն ու գույքը չէր հայտարարագրել նաև ինքը՝ Վարդան Այվազյանը։

Վարդան Այվազյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ և մանրամասներ ճշտել ձկան կենտրոնի ճակատագրի և իր չհայտարարագրած գույքի վերաբերյալ։ Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցն ամբողջությամբ։

-Պրն Այվազյան, ինչո՞ւ չկառուցեցիք ձկան կենտրոնը։

-Ձեր գրելուց հետո վերցրեցին, աչքներդ լույս լինի, նենց ոգևորված էիք։ 

-Ինչո՞ւ վերցրեցին, ամեն ինչ օրինակա՞ն չէր։

-Էլ մի շարունակի։ Դու նենց սիրուն ասել ես, էլ ի՞նչ ես ուզում։

-Վաճառել եք կարծես, պրն Այվազյան։

-Չեմ վաճառել։ Գնացեք նայեք, իրավական բաներ կան, հետաքրքրվում եք։

-Ի՞նչ խնդիր կա։

-Գնացեք հետաքրքրվեք։

-Ձեր ձեռքից խլե՞լ են այդ տարածքը։

-Դուք հետաքրքրված էիք, գնացեք նայեք, էն ժամանակ էլ չէիք հարցրել։

-Ձեր վրաստանյան մնացած գույքի հետ ամեն ինչ նորմա՞լ է։

-Ո՞ր գույքի։

-Օրինակ՝ այս տարի նոր բնակարան եք ձեռք բերել։

-Դե էլի հետաքրքրվում եք, շարունակեք հետաքրքրվել, ի՞նչ եք ուզում։

-Իսկ ինչո՞ւ չէիք հայտարարագրել ձեր վրաստանյան գույքը։

-Էն կողմից որ ֆինանսավորումը տվել են, ուշադիր նայեք։

-Ո՞ր կողմից։

-Որտեղից որ ֆինանսավորում եք ստանում։

-Չեք ուզո՞ւմ խոսել ձեր վրաստանյան գույքի մասին, ինչո՞ւ չէիք հայտարարագել Ձեր վրաստանյան գույքը։

-Դա ես պետք է հայտարարագրե՞մ։

-Չպիտի հայտարարագրեի՞ք, պատգամավոր էիք։

-Ես չեմ ունեցել նմանատիպ գույք։ Դուք ավելի լավ եք տեղեկացված ձեր ինֆորմատորների միջոցով։ Կարաս ինչ ուզում ես գրես։ Ֆինանսավորվող մարդիկ եք, ինչ ասեմ։ Երկրի կեսը կերաք, մյուս կեսն է մնացել ուտելու։ 

Վարդան Այվազյանի չհայտարարագրված վրաստանյան գույքը չի արժանացել Հայաստանի իրավապահների ուշադրությանը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Մկոյանը, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով Հանձնաժողովի գործունեության ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի նկատմամբ վարույթ չի նախաձեռնվել:

«Միաժամանակ հայտնում եմ, որ Հանձնաժողովում առկա տեղեկատվության ուսումնասիրությամբ վերջինիս նկատմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավանախորդն է-հեղ․) կողմից վարույթ հարուցված լինելու վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնաբերվել»,-մանրամասնել է Դավիթ Մկոյանը։

Վարդան Այվազյանի վրաստանյան գույքը վրիպել է նաև իրավապահների աչքից։ Չնայած նա անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, սակայն Այվազյանի վրաստանյան գույքով ՀՀ իրավապահները չեն հետաքրքրվել։

Գլխավոր դատախազությունը, հիշեցնենք, հայտնել է, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք,
  • 2 տրանսպորտային միջոց,
  • 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր,
  • 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար,
  • 2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
  • 18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ,
  • շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք։

«Վրաստանում գտնվող և Վարդան Այվազյանին կամ նրան փոխկապակցված անձանց պատկանող ու ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ բավարար տվյալներ Գլխավոր դատախազությունը ներկա փուլում չի ստացել, հետևաբար՝ նման գույքի մասով պահանջ հայցադիմումով չի ներկայացվել»,- այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը՝ մեր հարցմանն ի պատասխան, թե արդյոք դատարանին ներկայացված պահանջում ներառված է արտերկրում Վարդան Այվազյանին պատկանող գույքը, մասնավորապես՝ Վրաստանում ունեցած բաժնեմասն ու անշարժ գույքը։

Այնինչ, «Հետքը» բազմիցս անդրադարձել է Վարդան Այվազյանի՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անշարժ գույքի և հիմնադրած ընկերությունների, Վրաստանում կատարած ներդրումների մասին, որոնք, սակայն, պատգամավորը չի հայտարարագրել։