Օքսֆորդի համալսարանի գիտնականները մշակել են պատվաստանյութ՝ OvarianVax, որն ի վիճակի է սվորեցնել իմունային համակարգին՝ ձվարանների քաղցկեղի ամենավաղ փուլերում հայտնաբերել և ոչնչացնել չարորակ բջիջները:
Դրա մասին հայտնում է քաղցկեղի հետազոտության բրիտանական կազմակերպությունը՝ Cancer Research UK:
Ձվարանների քաղցկեղը համարվում է կանանց շրջանում քաղցկեղի ամենավտանգավոր ձևերից մեկը: Ըստ վիճակագրության՝ հիվանդների շրջանում երկու երրորդը մահանում է ախտորոշումից հետո մեկ տարվա ընթացքում:
Ամեն տարի Մեծ Բրիտանիայում հիվանդության շուրջ 7500 նոր դեպք է ախտորոշվում, ինչը երկրում կանանց շրջանում այն դարձնում է վեցերորդ ամենատարածված քաղցկեղը:
Այս հիվանդության դեմ պայքարի շրջանակում բրիտանացի գիտնականները մշակել են OvarianVax պատվաստանյութը։ Գիտնականները վերլուծել են քաղցկեղի բջիջների վաղ փուլերում հայտնաբերված սպիտակուցները և առանձնացրել իմունային համակարգը լավագույնս ակտիվացնող և լաբորատոր պայմաններում ուռուցքային բջիջներն արդյունավետորեն ոչնչացնող սպիտակուցները: OvarianVax պատվաստանյութն աշխատում է այս սպիտակուցների հիման վրա և «սովորեցնում» է, որ իմունային համակարգն ինքնուրույն գլուխ հանի քաղցկեղից:
Գիտական թիմը նշել է, որ OvarianVax-ի գործողության մեխանիզմը նման է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութին, որն ինչպես ակնկալվում է՝ կօգնի վերացնել արգանդի վզիկի քաղցկեղը:
Ներկայում լաբորատոր հետազոտությունները վերջնական փուլում են։ Ավարտելուց հետո գիտնականները կանցնեն մարդկանց վրա կլինիկական փորձարկումներին: Նրանք ցանկանում են պատվաստանյութն առաջին հերթին ձվարանների քաղցկեղի գենետիկական բարձր ռիսկ ունեցող կանանց վրա փորձարկել։