Foto

Առանց ԱՄՆ-ի կամ Իրանի աջակցության՝ ՀՀ-ում իշխանափոխություն անել չի հաջողվի․ քաղտեխնոլոգ

«Սրբազան շարժումը» վերսկսում է պայքարը։ Երեկ Մարզահամերգային համալիրում այս մասին հայտարարեց Բագրատ արքեպիսկոոս Գալստանյանը։ Պայքարի նոր փուլի և դրա հնարավոր արդյունքների մասին Vesti.am-ը հարցեր է ուղղել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին։

-          Պարո՛ն Բադալյան, շարժմանը կհաջողվի՞  նոր թափ հավաքել։

-          Կարծում եմ նպատակը նոր թափ հավաքելը չէ, այլ՝ վերջնապատակը։ Այն է՝ իշխանոփոխության կհասնի՞, թե՞ ոչ։ Կարող է մեծ թափ հավաքել, բայց իշխանափոխության չհասնել, ինչպես  նաև հակառակը։ Մեկը մյուսի հետ անմիջական կապ չունի։ 30 տարի մենք տեսել ենք շատ լուրջ, կրիտիկական զանգվածով շարժումներ, որոնք իշխանափոխության չեն հասել։ Օրինակ 2008թ-ին 1-ին նախագահը 100 000-ից ավելի մարդ հրապարակ հանեց, բայց իշխանափոխություն չեղավ։ Թափ հավաքելն իշխանափոխություն չի ենթադրում։

-          Առանց փողոցային պայքարի իշխանափոխության հնարավո՞ր է հասնել։

-          Երթեր, ցույցեր թող անեն, բայց այս 30 տարին ցույց է տվել, որ այդ եղանակով մեր երկրում իշխանափոխություն չի լինում։ Մարդկանց թվաքանակը չի հանգեցնում իշխանափոխության։ Անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը՝ պետական համակարգը 30 տարի մասնագիտացել է այդ փողոցային պայքարին դիմակայելուն և հաջողվում է պայքարել։ Եթե, տեսականորեն, 500 000 մարդ դուրս գա փողոց, ապա այդ համակարգը չի դիմանա։ Այստեղ էլ խնդիրն այն է, որ երբեք այդքան մարդ փողոց դուրս չի գալու։

-          Ի՞նչ է պետք վերջնանպատակին հասնելու համար։

-          Պետք է պայքարի ռազմավարությունը փոխվի։ Իրենք վերցրել են փողոցային պայքարի ստրատեգիան, որը ՀՀ-ում չի աշխատում։ Անգամ 2018թ-ին իշխանափոխությունը փողոցով չի եղել։ Այլ՝ Արևուտքի պահանջով իշխող քաղաքական թիմն իշխանությունը հանձնեց ընդդիմությանը և դա ներկայացվեց փողոց փակելու թատերական գործողությամբ։ Հիմա էլ փողոցի պայքարը կարող է «մասովկայի» դեր ունենալ։

-          Ռազմավարությունը փոխել՝ կրկին գերտերություններին ընդգրկելո՞վ։

-          Միանշանակ, առանց դրա չի լինի հասնել իշխանափոխության։ Մեր երկրում հիմա կա Արցախի չփակված, չլուծված խնդիր, կա Իրանի խնդիր, կա Զանգեզուրի միջանցք կոչվածի խնդիր, կա Վրաստանի խնդրի, որտեղ կարող է իշխանափոխություն տեղի ունենալ և շրջադարձեր լինեն, կա Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու խնդիր, կա Արևմուտքի  դերը մեր երկրում ուժեղացնելու խնդիր։ Սրանց ետևում կանգնած են աշխարհաքաղաքական մի շարք կենտրոններ։ Կարևորը՝ ԱՄՆ-ն է կամ Իրանը։ Առանց նրանցից մեկի աջակցության՝ ՀՀ-ում իշխանափոխություն անել չի հաջողվի։ Ռուսաստանին  չեմ ասում, քանի որ ՌԴ-ն  Հայասատանի ներքաղաքական դաշտի վրա այլևս ազդեցություն չունի։  

Հեղինակ: Աննա Ավետիսյան